Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժություններին


ԱՄՆ եվրոպական զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդի հավաստմամբ, գալիք աշնանը Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք - 2004» զորվարժություններին Հայաստանի մասնակցությունն ապահովելու հարցով զբաղվում է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:

«Ակնկալում ենք, որ Հայաստանը կմասնակցի այդ զորավարժություններին», - այսօր Երեւանում հայտարարեց գեներալ Ուոլդը: - «Ես խոսել եմ նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ նա ինձ խոսք է տվել, որ թույլ կտան, որ Հայաստանը մասնակցի: Հայաստանի պաշտպանության նախախարը եւ շտաբի պետը ասացին, որ Հայաստանը պատրաստ է մասնակցելու այդ զորավարժություններին: Այդ հարցով անձամբ զբաղվում է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դեպանը: Այո, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կմասնակցի [Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին] եւ իսկապես կարծում ենք, որ այս տարածաշրջանում դա համագործակցության մի քայլ կլինի՝ ուղղված կայունությանը»:

Ասուլիսին մասնակցող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը այս կապակցությամբ հավելեց. - «Հայաստանը պատրաստ է մասնակցելու: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի մենք մասնակցենք»:

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ:

Այցի ավարտին ստորագրվել է թիկունքային բնագավառին վերաբերող փոխադարձ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիր:

«Պայմանագիրը կողմերին թույլ է տալիս համատեղ գործողությունների եւ վարժանքների ժամանակ թիկունքային առակցություն ցույց տալ միմյանց՝ հետագայում փոխհատուցման պայմանով», - պարզաբանեց Միքայել Հարությունյանը: - «Պայմանագրում ամրագրված բոլոր պարտավորությունները ու իրավունքները բացարձակապես փոխադարձ բնույթ են կրում եւ թույլ են տալիս երկու երկրների զինված ուժերին համատեղ միջոցառումների, գործողությունների ժամանակ հաստատել դաշնակցային հարաբերություններ»:

Գեներալ Ուոլդը ասուլիսում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտադրություն չունի Ադրբեջանում եւ ընդհանրապես կովկասյան տարածաշրջանում ռազմական մշտական բազաներ տեղակայել:

«Մենք նպատակ չունենք այս տարածաշրջանում բազաներ ունենալ: Մենք ուզում ենք այս տարածաշրջանի երկրների հետ գործընկերներ լինել ե'ւ ահաբեկչության դեմ պայքարում, որն իսկապես զարգացող ու մեծ վտանգ է, ե'ւ մեր շահերից բխող բնագավառներում ենք ուզում ենք համագործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Ադրբեջանի հետ», - հայտարարեց նա:

Միքայել Հարությունյանի փոխանցմամբ, Ուոլդի այցի ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Սկսած Իրաքում հետպատերազմյան վերականգնման գործընթացին Հայաստանի զինված ուժերի նախատեսվող մասնակցությունից մինչեւ վարժանքներ եւ բանակաշինության փորձի փոխանակում», - պարզաբանեց Հարությունյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG