Մատչելիության հղումներ

logo-print

Որպես «հանրահավաքի ակտիվ մասնակից» ձերբակալվել է ԱՄՆ հայազգի քաղաքացի


Ապրիլի 21-ի ընդդիմության հանրահավաքին հետեւած ձերբակալությունների ընթացքում, ըստ Գլխավոր դատախազության լրատվության բաժնի՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության ձերբակալվել է «հանրահավաքների ակտիվ մասնակից, 2002 թվականից ԱՄՆ քաղաքացի Արթուր Վարդանյանը»:

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Վարդանյանը, «օգտագործելով Հայաստանի քաղաքացու անձնագիրը, բազմիցս ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ներգրավվել քաղաքական եւ ընտրական գործընթացներում, ակտիվ մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններին»:

Արթուր Վարդանյանը, ըստ «Արդարություն» դաշինքի մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի, բազմաթիվ ընկերներ ունի Հայաստանում, որոնց մեջ քիչ չեն ՀԺԿ անդամներն ու համակիրները:

Դատախազությունը փաստի մասին իրազեկել է Հայաստանի արտգործնախարարությանը:

Վարդանյանն առայժմ կասկածվում է նշված հանցանքների մեջ: Նրան հարցաքննում են «Արդարություն» դաշինքի դեմ անցած ամսվա վերջին հարուցված քրեական գործի շրջանակներում: Ռուզան Խաչատրյանի փոխանցմամբ, Վարդանյանին ձերբակալել են փողոցում:

«Նրա առողջությունը վատ է, նա հիմա գտնվում է հիվանդանոցում», - տեղեկացրեց Խաչատրյանը:

Առ այսօր, մինչդեռ, չեն բացահայտվել լրագրողներին, իրավապաշտպան Միքայել Դանիելյանին ծեծի ենթարկողները: Մարտի 30-ին Հայաստանի Հելիսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործով որեւէ արդյունք չկա, թեեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերահսկել գործի քննությունը: Գլխավոր դատախազի հսկողության տակ է նաեւ ապրիլի 5-ին եւ լույս 13-ի գիշերը բռնության ենթարկված լրագրողների գործը, եւ կրկին բացահայտումներ չկան:

Այս միջադեպերը նաեւ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում են: Հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին բաց նամակներ են հղել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ:

Միքայել Դանիելյանի փոխանցմամբ, Հելսինկյան միջազգային ֆեդերացիան պատրաստվում է երկրորդ բաց նամակը ուղարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ գլխավոր դատախազին: Մեկ այլ բաց նամակ է ուղարկվելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ բարձաստիճան մի շարք պաշտոնյաների եւ իրավապաշտպանների:

«Այդ նամակում նաեւ բարձրացված է լրագրողների հարցը», - ասաց Դանիելյանը: - «Նամակում գրված է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում փոխել իրենց վարվելակերպը եւ կատարել այն պահանջները, որոնք Եվրախորհուրդը դրել է իրենց առջեւ»:

Իսկ երեկ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված Աշոտ Մանուչարյանը դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, կայուն չէ, վերջնական ախտորոշում չի կատարվել:

Դեպքի առիթով հարուցված քրեական գործով Կենտրոն համայնքի ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները շարունակում են հարցաքննել Մտավորականների ֆորումի անդամներին: Մանուչարյանը ֆորումի ղեկավար անդամներից է եւ ծեծի էր ենթարկվել ֆորումի գրասենյակի հարեւանությամբ: Բացահայտումներ, բնականաբար, չկան:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում՝ Արթուր Վարդանյանը Ստեփան Դեմիրճյանի հետ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG