Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Աշոտ Մանուչարյանի դեմ տեղի ունեցած ոտնձգությունը միանշանակ քաղաքական բնույթ ունի», - վստահ է «Հայկական ժամանակ» թերթը: - «Այս վարկածը հաստատում է նաեւ փաստը, որ Մանուչարյանին ծեծի են ենթարկել թիկնապահի կազմվածքով, սափրած գլուխներով անձինք. նրանցից, որ հարձակում էին գործել իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ իրականացրել էին ապրիլի 5-ի հակալրագրողական օպերացիան»: «Այս եւ մյուս իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այլեւս քաղաքական իշխանություն չկա, եւ իշխանությունը մեր երկրում այսօր միանշանակ պատկանում է սափրած գլուխներին», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Դրանք այն մարդիկ են, ովքեր կեղծեցին 2003 թվականի ընտրությունները եւ դրանից հետո, իրենց զգալով իշխանության իրական տեր, փորձում են բեսպրեդելին սահմանադրական կարգի կարգավիճակ տա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

«Նրանք նման են օլիգարխների թիկնապահների: Բայց կարող են լինել նաեւ ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Կամ պարզապես քրեական տարրեր: Դրանք ոչ միայն սերտաճել են՝ դրանք պարզապես նույնն են», - բնորոշում է «Առավոտ» թերթը: - «Բացարձակ անպատժելիությունից «սափրած գլուխները» եւ նրանք, ովքեր այդ մարդկանց աշխատանք են տալիս, վերջնականապես են լկտիացել»: «Առավոտ»-ը համոզված է, որ այսօրինակ լկտի հանցագործությունները երբեք չեն բացահայտվի, եւ, հետեւաբար, «սափրած գլուխների» ծեծը շարունակվելու է:

«Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը դժգոհ է, որ ընդդիմությունը, շարունակ խոստանալով, այդպես էլ չի անցնում վճռական գործողությունների: «Ապրիլի 21-ին վերջնականապես պարզ դարձավ, ոը ընդդիմությունը օժտված է անտեր մնացած իշխանությունը չվերցնելու բացառիկ տաղանդով», - գնահատում է նա՝ նաեւ նշելով. - «Իշխանությունն այս ամենին արդեն այնքան էլ լուրջ չի վերաբերում: Նախկին խուճապը չկա»:

«Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ դաժան հաշվեհարդարից եւ ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալություններից հետո նախագահի շրջապատը կարծես թե ակնկալում էր, տարրական վախի ազդեցության ներքո հանրահավաքային ալիքի անկում տեղի կունենա: Սակայն այդ ակնկալիքները չարդարացան, եւ հանրահավաքային ալիքը գնալով ավելի ու ավելի է ծավալվում», - ուրվագծում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Եթե սկզբում մարդիկ հանրահավաքների եւ բողոքի այլ գործողությունների մասնակցում էին սոցիալական դժգոհության դրդապատճառներից ելնելով, ապա այժմ ավելի ու ավելի մեծ դեր է խաղում արժանապատվության գործոնը: Իրավապահ մարմինների աննախադեպ դաժանությունը, հեռուստաեթերով տարվող կացնային, բիրտ ու բարեկրթության բոլոր սահմաններն անցնող քարոզչությունը, միջին եկամտի տեր մարդկանց նկատմամբ վարչական ճնշումների փորձերը բերում են նրան, որ աստիճանաբար ավելի ու ավելի մեծ ընդգրկում է ստանում հանրային զայրույթը: Այդ ամենը հրապարակ է բերում մարդկանց, ովքեր օրվա մի փոր հացի խնդիր չունեն եւ ովքեր նույն ընդդիմության առաջնորդների ջերմ ջատագով չլինելով հանդերձ, այնուամենայնից, խիստ դժգոհ են երկրում տիրող մթնոլորտից, որը ոչ այլ ինչ է, քան ոստիկանապետության եւ գռեհիկ գավառամտության անմարսելի մի խառնուրդ», - բնորոշվում է «Իրավունք»-ում: Մենկաբանն ամփոփել է. - «Այս պահին Հայաստանում առկա է յուրահատուկ դինամիկ ներքաղաքական հավասարակշռություն, որը, սակայն, աստիճանաբար, քայլ առ քայլ տեղաշարժվում է ի վնաս գործող նախագահի»: Ենթադրվում է, որ կա'մ մինչեւ մայիսի վերջ, կա'մ աշնանը իշխանության փոխանցման առավել կամ պակաս սահուն գործընթացը դառնում է անխուսափելի:

«Ամեն ինչ կախված է ժողովրդից» շեշտադրման ներքո «Հայկական ժամանակ» թերթում նախանշվում է. - «Ընդդիմությունն ապրիլի 27-ին ծրագրել է իրականացնել մի գործողություն, որը, պատկերավոր ասած, հիշեցնելու է «կոլցո» օպերացիա. այսինքն, ժողովուրդը Բաղրամյան պողոտայի երկու մասերից եւ Դեմիրճյան փողոցից շրջափակելու է նախագահական նստավայրը՝ այն վերցնելով պաշարման մեջ... այնքան ժամանակ՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տա»: Իհարկե, ապրիլի 27-ին իր այս ծրագիրն ընդդիմությունը փորձ կանի իրականացնել միայն այն դեպքում, եթե Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքին ժողովրդի թիվը շատ ավելին լինի, քան եկել էր ապրիլի 21-ի բազմահազարանոց հանրահավաքին: «Եթե մասնակցի 80-100 հազար մարդ, ապա Քոչարյանի վերադարձը նախագահական նստավայր հնարավոր չի լինելու», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Ընդդիմության շարքերում նաեւ հասկանում են, որ իշխանությունները ձեռքները ծալած չեն նստելու եւ ամեն ինչ անելու են այդ ծրագրերը տապալելու համար: Միաժամանակ կարծիք կա, թե «Քոչարյանը երկրորդ անգամ նման բռնարարքների չի գնա, քանզի Հայաստանը գլոբուսից դուրս չի գտնվում, եւ միջազգային հանրությունը մեր իշխանություններին պարզապես թույլ չի տա»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայոց աշխարհ»-ում ասում է. - «Այդ հանրահավաքներից իշխանությունը պետք է հետեւություն անի: Այն է՝ իր ներքաղաքական, ներտնտեսական ուղին Հայաստանի բնակչության մի մասի համար հասկանալի չէ կամ անընդունելի է: Դա ուղղակի մտածելու տեղիք է տալիս: Ժողովրդի մեջ օբյեկտիվորեն ճիշտ դժգոհություն կա»: «Ի՞նչ կարող է անել, որ չի արել երկրի իշխանությունը» հարցի շրջանակում Հրանուշ Խառատյանը մասնավորապես մատնանշում է. - «Շարքային մարդն այսօր ոչ մի հնարավորություն չունի ինքնահաստատման: Տեսականորեն հազար ու մի հնարավորություն է ներկայացվում, բայց գործնականում... Ես դադարում եմ հավատալ բարձրաձայն հայտարարություններին, եթե դրանց հետեւում չեմ տեսնում կոնկրետ գործողություններ»:

Վերջերս շրջանառվում են խոսակցություններ, թե քաղաքական ընդդիմությունը ներկայացնող որոշ գործիչներ ծրագրել են ապրիլի 24-ին երթ կազմակերպել Բաղրամյան պողոտայով, որը հանրապետության նախագահի նստավայրի դիմաց պետք է վերածվի հանրահավաքի կամ բողոքի որեւէ այլ դրսեւորման: «Տվյալ պարագայում էականը նույնիսկ այս տեղեկատվության հաստատումը կամ հերքում չէ: Էականը նմանօրինակ տեղեկատվության հայտնվելը, դրա շրջանառվելն է մեզանում: Այսինքն՝ այն մթնոլորտը, որ հնարավոր է նմանօրինակ հարցի անգամ քննարկումը հասարակության մեջ», - անդրադառնում է «Երկիր» թերթը՝ շեշտելով - «Այդ օրը քաղական այլ հարց, բացի պահանջատիրությունից, լինել չի կարող: Չենք ուզում հավատալ, որ մեզանում կարող է գտնվել մի քաղաքական կամ հասարակական գործիչ, մի քաղաքական ուժ, որի մտքով կարող է անցնել Եղեռնի զոհերի հիշատակի օրը նմանօրինակ «մարտավարական խորամանկություն» բանեցնելու առիթ դարձնել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG