Մատչելիության հղումներ

Շուրջ 20 հազար մարդ չորեքշաբթի օրը մասնակցեց միացյալ ընդդիմության հանրահավաքին եւ երթին Երեւանի կենտրոնական փողոցներով: Ընդդիմության ղեկավարները հայտարարեցին, որ հաջորդ շաբաթ անցկացվելիք հանրահավաքը «վճռականն» է լինելու:

Մայրաքաղաքի իշխանությունների կողմից չարտոնված հանրահավաքը, որ անցավ Ազատության հրապարակում, ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը հետամուտ արմատական ընդդիմությունը չի ընկրկել դաժանության առջեւ, որով ճնշվեց ընդդիմու2յան բողոքի ցույցը ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում: Ընդդիմության առաջնորդները այսօր հայտարարեցին, որ վճռորոշ հանրահավաք են անցկացնելու գալիք երեքշաբթի:

«Ապրիլի 27-ին կսկսենք մեր վճռական հանրահավաքը», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Ամբողջ Հայաստանն է հավաքվելու այդ հանրահավաքին: Մենք պետք է վերջ դնենք անօրինականություններին, եւ Քոչարյանը պետք է հեռանա»:

«Դա միայն հանրահավաք չի լինելու: Մենք ծրագրված գործողություններ ունենք, որոնք պետք է իրականացնենք ձեզ հետ միասին», - իր ելույթում ասաց Ալբերտ Բազեյանը:

Մանրամասներ, բնականաբար, չհրապարակվեցին: Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բազեյանը չբացառեց ցուցարարներին կրկին դեպի Բաղրամյան պողոտա առաջնորդելը:

«Ամեն բան կախված կլինի իրավիճակից», - ասաց նա: - «Մեր պլանները դոգմա չեն, այնպես որ փոփոխություններ հնարավոր են»:

«Օրը կգա, բարին հետը», - ավելի անորոշ պատասխան տվեց «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Մեր կարգախոսը նույն է՝ Քոչարյան, հեռացի'ր», - հանրահավաքի իր ելույթում ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ ներկայացնելով ընդդիմության նախապայմանները իշխող կոալիցիայի կուսակցությունների հետ երկխոսության գնալու համար: Դրանց շարքում են՝ «քաղաքական բանտարկյալների» ազատ արձակումը, ընդդիմության նկատմամբ «բռնությունները» դադարեցնելը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:

Ապրիլի 12-ի երթը դեպի Բաղրամյան պողոտա ավարտվեց իրավապահների կողմից ցուցարարներին դաժանությամբ ցրելով, ակտիվ ընդդիմադիրների ձերբակալություններով եւ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների խուզարկությամբ: Նախագահ Քոչարյանը հայտարարել է, որ ընդդիմության՝ «իշխանության մարմինների նորմալ գործունեությունը խաթարող» գործողությունները ապագայում էլ արժանանալու են նույն արձագանքին:

Այսօր ցուցարարները երթով անցան Երեւանի կենտրոնական մի քանի փողոցներով ու խաղաղ ցրվեցին: Ցուցարարների մեջ կային մարդիկ, ովքեր ապրիլի 13-ի լույս գիշերը տուժել էին իրավապահների գործողություններից: Նրանք, սակայն, ասում էին, թե չեն վախեցել եւ շարունակելու են պայքարը:

«Ես առաջ կգնամ, եթե անգամ զենքը դոշիս պահեն: Կգնամ հանուն արդարության, հանուն երեխաներիս ապագայի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արարատի մարզի գյուղերից եկած մի երիտասարդ կին: - «Ամբողջ տարին չարչարվում ենք, բայց չենք կարողանում կերակրել երեխաներին: Ամեն ինչ թանկ է՝ էլեկտրաէներգիան, ջուրը, ուսումը...»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG