Մատչելիության հղումներ

Քննարկվեց հայ երիտասարդության դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում


Երեւանի պետական համալսարանի Հայկական հարցի ուսումնասիրման ակումբի եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ մեր անելիքները» թեմայով սեմինար-քննարկում:

Բանախոսները իրենց ելույթներում մեծ տեղ էին հատկացնում հատկապես երիտասարդության դերին ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող գործունեության մեջ: Նրանցից ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը շեշտեց, որ այս ուղղությամբ երիտասարդների դերը կարեւոր է այնքանով, որ երիտասարդ սերունդը պետք է Հայ Դատը «կվերցնի նախորդ սերնդից եւ կփոխանցի հաջորդին»:

Սեմինարի մասնակից երիտասարդների կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ այսուհետ արվելիք առաջին քայլը աշխարհի հայության համախմբումը պետք է լինի:

«Ըստ իս, միասնությունը հիմա պակասում է մեր ժողովրդին», - «Մաքսլիբերտի»-ին ասաց Երեւանի պետական համալսարանի մի ուսանողուհի: - «Բազմաթիվ սեմինարներ, գիտաժողովներ են կազմակերպվում [ցեղասպանության հարցերի շուրջ], բայց հանրության կողմից մի քիչ անտարբերություն եմ նկատում: Տեսականորեն բոլորը կողմ են ցեղասպանության ճանաչմանը, բայց գործնականում քիչ բան է արվում»:

Այս ուսանողուհու կարծիքով, ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հաջողությունները արդյունք են միայն որոշ կազմակերպությունների հետեւողական ջանքերի:

Սեփական առանձին դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում երիտասարդները չեն տեսնում:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG