Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Զարմանազան «ազգափրկիչ» նոր կուսակցությունների ու կազմակերպությունների՝ սնկերի պես բազմացում է արձանագրում «Առավոտ» թերթը. - «Եվ բոլորը ո՛չ թե միասին, այլ առանձին-առանձին, կսկսեն փրկել ազգը: Ընդդիմությունն՝ իշխանությունից, իշխանությունն՝ ընդդիմությունից, իսկ նրանք, որ ինչ-որ տեղ մեջտեղում են, թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից»: Բայց ժողովրդի ամենամեծաքանակ ու ամենապասիվ հատվածը նրանք են, «ովքեր չեն համակրում ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ ազգը համառորեն փրկել ցանկացողներին»: «Ահա թե ինչու է մեզանում խիստ զարգացած բազմակարծությունը՝ առանց համաժողովրդական համաձայնության հասնելու հույսի», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Համաձայնությունը պետք է կայանա ոչ թե բացառապես այն հարցի շուրջ, թե տվյալ պահին ում հանձնել իշխանությունը եւ ում կողմը բռնել իշխանություն-ընդդիմություն հակամարտության ժամանակ, այլ՝ թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ եւ որն է լինելու մեր՝ քաղաքացիներիս դերն այդ պետության մեջ: Ու քանի դեռ մենք դա չգիտենք եւ, կարծես, չենք էլ ուզում իմանալ, միշտ էլ կգտնվի մեզ իշխանությունից, ընդդիմությունից կամ այս երկուսից միասին փրկել ցանկացող ինչ-որ մեկը»:

Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Էդվարդ Սիմոնյանցը «Առավոտ»-ի հարցազրույցում նախագահ Քոչարյանին է մեղադրում, որ չկատարվեցին ապրիլի 8-ին ընդդիմության եւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ երկրորդ հանդիպումն էլ չկայացավ. - «Նախագահը փորձեց ցույց տալ, որ քաղաքական դաշտում ինչ պայմանավորվածություն էլ ձեռք բերվի՝ ինքն իրեն ազատ է զգում եւ կատարում է այն՝ ինչ ուզում է, ոչ թե այն՝ ինչը պահանջվում է»։ «Առավոտ»-ի մեկնաբանն ավելացնում է. - «Կոալիցիայի ներկայացուցիչների պարզաբանումներից հետեւում է, թե նրանք այս երկխոսությանը չեն մասնակցել նախ այն պատճառով, որ վիրավորվել են ընդդիմության գործիչների տեսակետից, թե կոալիցիան ոչինչ չի որոշում: Բացի այդ՝ անընդունելի են համարում պայմաններ առաջադրելը, որոնք արել էր մասնավորապես Վիկտոր Դալլաքյանը, թե պիտի նախ պաշտոնանկ արվի 2003-ի ընտրակեղծիքների կազմակերպիչ Սերժ Սարգսյանը եւ ընդդիմության դեմ շինծու քրգործեր հարուցող Աղվան Հովսեփյանը»:

Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիայի ներկայացուցիչների երեկվա հանդիպումից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Նախագահը մի քանի անգամ արձանագրել է, որ կարեւորում է երկխոսությունը կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ: Սակայն մեկ բան կա. ցավոք, ընդդիմության մեր գործընկերներին թերեւս թվում է, որ եթե կոալիցիոն կառավարություն ձեւավորած քաղաքական ուժերը երկխոսության կոչ են անում, ապա սա թուլության դրսեւորում է: Եթե կարծում են, որ իշխանությունները վախեցած են, ապա չարաչար սխալվում են... Եթե ընդդիմությունը ինչ-ինչ նախապայմաններ է դնում, այն է՝ ազատել տարբեր պաշտոնյաների եւ այլն, ապա դա վկայում է իրադրության վերաբերյալ իրենց թյուր պատկերացման մասին»:

«Երկխոսությունն ավարտված է» վերնագրի տակ «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրն այսօր ձեւակերպել է. - «Երկխոսություն հակառակորդի հետ վարում են ռազմական գործողություններ սկսելուց առաջ։ Ջախջախիչ պարտություն կրածի հետ խոսում են միանգամայն այլ տոնով... Արմատականների հետ երկխոսությունը իմաստ ուներ մինչեւ ապրիլի 12-ը եւ այն, ինչպես հայտնի է, մերժվեց։ Եթե հիմա խոսես հետները, ապա միայն՝ կապիտուլյացիայի պայմանների մասին», - սահմանում է խմբագիրը։ - «Չե՞ն ուզում վերադառնալ խորհրդարան՝ ավելի վատ իրենց համար։ Ինչո՞ւ համոզել, նվաստանալ։ Նախընտրում են հանրահավաքնե՞րը. ի սե՜ր Աստծո, թող անեն մինչեւ իրենք էլ զզվեն։ Սակայն օրենքի ցանկացած խախտում դրանց ընթացքում, ցանկացած չարտոնագրված միջոցառում պետք է տեղնուտեղը կասեցվի ու պատժվի»: «Այդժամ», - վստահ է «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը, - «ռազմաշունչ վերջնագրերը շատ արագ ու սահուն կզիջեն տեղը զղջալից նամակներին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում ասել է, թե ինքը հույս ունի, որ այս շաբաթվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հրաժարական կտա՝ ոչ թե ինչ-որ մեկի խորհրդին հետեւելով, այլ՝ հանուն պետության ապագայի: Հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությանը լավ բան չի սպասվում. - «Ես ոչ միայն հնարավոր եմ համարում, որ կլինեն ավելի վատթար գործողություններ, քան եղան ապրիլի 13-ին, այլեւ՝ արդեն իսկ տեսնում եմ դրանց նախանշանները: Իսկ որ նման պահվածքով մենք բախտորոշ բախումն ընդամենը հետաձգում ենք՝ դա աներկբա է, եւ դա մեծագույն ողբերգություն է բերելու մեր ժողովրդին»: «Եթե մենք չուղղենք այն մեծ սխալը, որը տեղի ունեցավ 2003-ի նախագահական ընտրություններում, մեզ նորանոր փորձություններ են սպասվում ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին առումներով», - նախանշում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս տեսանկյունից «Ազգ» թերթի մեկնաբանն էլ այսօր խտացրել է. - «Իշխանություններն ամեն կերպ փորձելու են կանխել ընդդիմության, իրենց իսկ խոսքերով՝ ոչ սահմանադրական գործողությունները, ավելի հասկանալի լեզվով ասած՝ հեղափոխությունը եւ իշխանությունը փոխելու տենչացող ընդդիմության գործողությունները խեղդել բնում։ Մյուս կողմից, իշխանության ձգտող ընդդիմությունը, իշխանափոխության այլ ելքեր չտեսնելով, առնվազն օգտագործելու է եվրոպական ամբիոնները՝ Հայաստանը ներկայացնելով բռնապետական երկիր, որտեղ իշխում է «ղարաբաղյան կլանը... ու այս ամենի համար պատասխան է տալու Վարդան Օսկանյանը»։ «Առավել քան դժվար է լինելու բացատրություններ տալ ապրիլի 13-ի դեպքերի համար։ Ու ինչքան էլ արտգործնախարարը հավաստիացնի, թե միջազգային հանրության ընկալումը մեր ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ շատ իրատեսական է, միեւնույն է, դրսում Օսկանյանին եւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղին, սպասում են փորձություններ», - ուրվագծվում է «Ազգ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG