Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հանդիպումներ է ունեցել «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

Դեսպան Օրդուեյի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումների մանրամասները չեն հրապարակվում: Արտաշես Գեղամյանը, այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեսպանի հետ հետաքրքիր զրույց է ունեցել, որի առանցքը, բնականաբար, ստեղծված իրավիճակը հաղթահարելն եւ հնարավոր ելքեր գտնելն էր:

«Անշուշտ, թե' Միացյալ Նահանգների եւ թե' Եվրամիության անդամ երկրների դեսպանները հորդորում են, որ հնարավորինս բոլոր հարցերը լուծվեն բանակցային գործընթացի ժամանակ եւ մենք անվերապահորեն չափազանց լուրջ ենք ընդունում այդ հորդորները, փորձում ենք մեզնից կախված ամեն բան անել, որ մեր գործողությունները ընթանան միայն եւ միայն Սահմանադրության շրջանակներում», - ասաց «Ազգային միաբանության» առաջնորդը:

Ընդդիմության եւ կոալիցիայի միջեւ երկխոսությունը, մինչդեռ, առայժմ չի ստացվում: Երեքշաբթի օրը երկխոսության եւս մեկ փորձ ձախողվեց: Մտավորականների ավագանու նախաձեռնությամբ, երկու կողմից կուսակցությունների ներկայացուցիչները հրավիրվել էին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն: «Արդարություն» դաշինքից եկել էին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Արամ Սարգսյանը եւ Սմբատ Այվազյանը, ՀԺԿ ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը, ԱժՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Կոալիցիայի անդամ կուսակցությունները, թեեւ նախապես համաձայնել էին գալ հանդիպման, սակայն վերջին պահին, Արամ Սարգսյանի փոխանցմամբ, տեղեկացրել էին, թե չեն կարող գալ:

«Իսկ Դաշնակցությունն ասել էր, որ իրենց կանչել է Ռոբերտ Քոչարյանը», - ավելացրեց Սարգսյանը: - «Ըստ մտավորականների՝ հավանաբար, կոալիցիայի անդամ կուսակցություններին Ռոբերտ Քոչարյանը արգելել է իրենից դուրս որեւէ մեկի հետ հանդիպել, զրուցել: Այդ կոնտեքստում իրենք հակված են ինչ-որ հայտարարություն անել. մեզ այդ մասով տեղյակ պահեցին»:

Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հանդիպումը չի կայացել, որովհետեւ ընդդիմությունը շարունակում է պահանջներ ներկայացնել: Իսկ կոալիցիան համաձայն չէ նախապայմաններով երկխոսություն սկսել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG