Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի կարեւորմամբ՝ այս պահին գերտերությունները չեն պաշտպանում ո'չ Ռոբերտ Քոչարյանին եւ ո'չ էլ ընդդիմությանը, եւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը մտել է իշխանության եւ ընդդիմության դիրքային պայքարի փուլ: Իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ, ըստ մեկնաբանի, երկխոսության դաշտ չի գտնվում, քանզի «այս պահին պարզ չէ. Քոչարյանը գնացո՞ղ է, թե՞ մնացող»: «Իրավունք»-ում առայժմ ամփոփված է. - «Մի որոշ ժամանակ իշխանության եւ ընդդիմության դիրքային պայքարը շարունակվելու է: Վերսկսվելու է նաեւ այն, ինչը կարելի է անվանել «նյարդերի պատերազմ»: Թե կողմերից որ մեկն է հակված ավելի շուտ տեղի տալու այդ «նյարդերի պատերազմում», կերեւա թեկուզեւ ապրիլի 21-ի երեկոյան կայանալիք հանրահավաքի արձագանքներից»:

«Սա Վրաստանը չէ, այստեղ բավականաչափ լրջմիտ մարդիկ կան», - ընդգծում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Այստեղ Քոչարյանի համար չեն աղոթում, եւ շատ ընտանիքներում նրան հայհոյում են: Բայց այդ ընտանիքների մեծ մասում էլ միաժամանակ թաքուն սարսափ են ապրում, թե ինչ կլինի, եթե նախագահը հանկարծ երկրի ղեկը թողնի-հեռանա»: Ընդհանուր առմամբ, մեկնաբանը պատասխանատվության եւ սթափության է կոչում ե'ւ իշխանությանը, ե'ւ ընդդիմությանը՝ հատկապես վերջինիս հորդորելով չզբաղվել վիճակախաղով եւ դեռ հասունանալ՝ ապացուցելու ղեկավարելու իր իրավունքը: Ոստիկանության գործողությունները ապրիլի 13-ի գիշերը «Գոլոս Արմենիի»-ում գնահատվում են միանգամայն համարժեք իրավիճակին եւ օրենքի սահմանումներին:

«Առավոտ» թերթը արձանագրում է, որ ապրիլի 13-ի գիշերվա «կարգուկանոն հաստատողները» շարունակում են կա'մ հրաժարվել մեկնաբանություններից, կա'մ հերքել իրենց վերագրվող քննադատություն-մեղադրանքի մի մասը: Մինչդեռ գոնե որոշ ակնհայտ դրվագներով ոստիկանությունը պիտի արդեն գործնական սրբագրումներ աներ:

Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի հարցազրույցում շեշտադրել է. - «Ես այն կարծիքին չեմ, որ այսօրվա առկա խնդիրները եւ իրողությունները պետք է քրեական օրենսգրքով լուծվեն: Դրանք պետք է լուծվեն երկխոսության, մեկս մյուսին համոզելու, ապացուցելու միջոցով»: «Գեներալ Վաղարշակ Հարությունյանին ձերբակալողներին է հարկավոր ձերբակալել, իսկ նրան ու նրա համախոհներին հարկավոր է անհապաղ ազատ արձակել». - «Իրավունք»-ի ընթերցողներից մեկի այս հարցադրմանը Գալուստ Սահակյանը արձագանքել է. - «Ձեր մտահոգությունը լրիվ կիսում եմ, եւ ես էլ իմ ընկերների հետ պետք է փորձեմ որոշակի լուծումներ գտնել այդ խնդրի համար»: Հանրապետականների խմբակցության ղեկավարը նաեւ ասում է. - «Ես շատ հպարտ եմ Սարգսյանների հետ իմ անձնական կապերով եւ այսօր էլ շատ կապված եմ այդ ընտանիքի հետ: Ես երեք օր առաջ էլ հանդիպել եմ Արամ Սարգսյանին... Այլ է պետությունը, այլ են սեփական փոխհարաբերությունները կամ որեւէ անձը»:

Վարչապետ Մարգարյանի հետ «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում այսօր առանձնացվել է հատկապես հետեւյալը. - «Որոշ վերլուծաբանների պնդմամբ, իրավիճակը լիցքաթափելու համար նախագահը կարող է փոխել վարչապետին եւ կառավարությանը, նաեւ չեն բացառում ԱԺ-ի լուծարումը: Դուք, որպես իրավիճակի քաղաքական լուծում, հնարավոր համարո՞ւմ եք նշյալ քայլերը»: Վարչապետը պատասխանում է. - «Չեմ կարծում, որ նախագահը նման քայլերի գնա, որովհետեւ այդ քայլերը չեն նպաստելու ընդդիմության բարձրացրած խնդիրների լուծմանը: Նախ, ես պետք է իմանամ՝ նախագահը պետք է բացատրի, թե նման քայլով ինչ խնդիր է լուծելու. եթե կասվի, որ լուծվելու է քաղաքական խնդիր, եւ որ ՀՀԿ-ի շահերը ինքը զիջում է Պողոս-Պետրոսի առաջարկած քայլերին, այդ դեպքում ես շնորհակալություն կհայտնեմ եւ կմիանամ ընդդիմությանը: Բնականաբար, ոչ թե պատճառ բռնելով նախագահի ոչ լեգիտիմությունը, այլ՝ մեր քայլերին կարող ենք տալ համապատասխան ձեւակերպումներ եւ որոշակի գործողություններ ծավալել՝ սահմանադրության շրջանակներում: Այնպես որ, նույն այդ տրամաբանությամբ ես բացառում են նաեւ ԱԺ-ի լուծարումը, որովհետեւ դա նախագահի հրաժարականի նախապատրաստության երկրորդ քայլը կլինի»:

Վերջին օրերին որոշ արտախորհրդարանական ուժեր առաջ են քաշում Ազգային ժողովի լուծարման եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ: «Ազգային ժողովի լուծարումը անիմաստ է» վերանգրով վերլուծականում «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը այս առնչությամբ ընդգծում է. - «Նոր ընտրությունների պարագայում եւս խորհրդարան աներկբա կմտնեն ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը, «Ազգային միաբանություն»-ը... Գուցե այս կամ այն ուժին տրվող քվեները լինեն մեկին մի փոքր ավելի պակաս, մյուսին՝ մի փոքր ավելի շատ, սակայն դրանից ընդհանուր պատկերը ամենեւին չի փոխվի: Մի խոսքով, պրոֆեսիոնալ խորհրդարանի մասին վարդագույն երազանքը հասունացնելու դժվարին, բարդ եւ տեւական ժամանակ պահանջող խնդիրը չպետք է շփոթել առանձին կուսակցությունների ընթացիկ նպատակների հետ», - եզրափակված է «Հայոց աշխարհ»-ում:

Կոռուպցիայի դեմ պայքարի «վարդագույն երազանքին» էլ այսօր անդրադարձել է «Առավոտ» թերթը՝ մատնանշելով. «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին, թե Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից ելնելով՝ չի՞ ծրագրում որոշակի փոփոխությունների ենթարկել իր քաղաքականությունը եւ օրինակ վերցնել Վրաստանից, ուր կոռուպցիայի դեմ պայքարը համատարած եւ մասշտաբային բնույթ է կրում, Ռոբերտ Քոչարյանը օրերս պատասխանեց՝ ոչ: «Հայաստանն իսկապես այլ ճանապարհ է ընտրել՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմվել է հակակոռուպցիոն ծրագիր, որը հայտնի չէ՝ իրականացվում է, թե ոչ», - նշում է «Առավոտ»-ը: - «Վերջերս իշխանությունները (նույնիսկ Դաշնակցությունը) դրա մասին չեն խոսում: Երեւի, շարունակում են ուսումնասիրել տարբեր ոլորտներում «կոռուպցիոն ռիսկերը»: Չնայած արժե երեւի հարցնել, ասենք, Կարլոս Պետրոսյանից կամ Արմեն Ավետիսյանից՝ այդ ինչպես են կառուցվել իրենց դղյակները... Վրացիները լա՜վ փչացրին մեր իշխանության հանգիստ կյանքը: Նախ՝ հեղափոխություն արեցին, հիմա էլ Սահակաշվիլին կաշվից դուրս գալով պայքարում է հենց այն ուղղությամբ, որն, անտարակույս, հաճելի է մեր բնակչության մեծ մասին: Մերոնց, սակայն, մնում է հետեւել, թե ինչպես են հարստություն դիզում մեր նախարարներն ու թաղապետերը, ինչպիսի առանձնատներ ու ամառանոցներ են կառուցում եւ ինչպիսի թանկարժեք մեքենաներով են շրջում իրենք եւ իրենց որդիները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG