Մատչելիության հղումներ

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նորանշանակ համանախագահ Սթիվեն Մաննը շատ օգտակար է համարում ապրիլի 16-ին Չեխիայի մայրաքաղաքում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Օսկանյանի եւ Մամեդյարովի հանդիպումը:

«Ես կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները նվիրված են Մինսկի խմբի ֆորմատով աշխատանքներին, կարող եմ ասել. ինչ անելու ենք՝ միասին ենք անելու: Ասեմ նաեւ, որ Պրահայում կայացած հանդիպումը շատ օգտակար էր, սակայն որեւէ մանրամասն հայտնել ես չեմ կարող, մենք պայմանավորվել ենք պահպանել գաղտնիությունը», - երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարությունում հրավիրած ասուլիսում հայտարարեց Մաննը:

Ճանաչողական այցով տարածաշրջան ժամանած ամերիկացի դիվանագետին այսօր ընդունել են նաեւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Զրույցների ժամանակ հայկական կողմը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհներով լուծելու դիրքորոշումը:

Ասուլիսում Սթիվեն Մաննը զարմացրեց լրագրողներին՝ հայտնելով, որ Երեւանից մեկնելու է նախ Վրաստան, հետո միայն՝ Բաքու: Ինչ կապ ունի պաշտոնական Թբիլիսին Ղարաբաղյան կարգավորման հետ, ամերիկացի դիվանագետը չհստակեցրեց: Իսկ Լեռնային Ղարաբաղ նա անպայման կայցելի, բայց՝ ոչ այս այցի ընթացքում:

«Ես, իհարկե, կայցելեմ Ստեփանակերտ», - ասաց նա: - «Հստակ ժամկետներ նշել չեմ կարող: Այս անգամ իմ այցը շատ հագեցած էր, ուստի դա տեղի կունենա մեկ ուրիշ անգամ: Ասեմ միայն, որ այսօր երեկոյան հանդիպելու եմ Աշոտ Ղուլյանին»:

Սթիվեն Մաննը դիվանագիտորեն խուսափեց նշել ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը:

Երկուշաբթի օրը ավելի վաղ ասուլիս էր հրավիրել Հայաստանի արտգործնախարարը: Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ներքաղաքական վերջին զարգացումները հազիվ թե ազդեն Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Արտգործնախարարը պնդեց նաեւ, որ այսօր միջազգային հանրության կողմից մեր երկրի վրա ճնշում չի գործադրվում:

«Մեր դիրքորոշումների մեջ կախված ներքաղաքական իրավիճակից, փոփոխություններ չեն լինի, չեն կարող լինել, որովհետեւ դրանք բխում են մեր ազգային շահերից, բայց ներքաղաքական վիճակը կամ դրսի ընկալումը ներքաղաքական վիճակի... իհարկե կարող է ոչ ճիշտ բաներ հուշել հատկապես մեր հակադիր կողմերին եւ հնարավոր է, որ լինի դիրքորոշումների կարծրացում», - ասաց Վարդան Օսկանյանը:

Ադրբեջանի արտգործնախարարի հետ հաջորդ հանդիպմանը, Օսկանյանի փոխանցմամբ, կկայանա գալիք մայիսին, սակայն տեղը եւ հստակ ժամկետները առայժմ ճշտված չեն:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG