Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը չի վերաբացելու հայ-թուրքական սահմանը:

«Ներկայումս հայ-թուրքական սահմանի վերաբացումը բացառվում է», - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցից մի քանի օր հետո ասել է Աբդուլլա Գյուլը:

Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակել է 1993 թվականին՝ աջակցելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Ադրբեջանը մտավախություն ուներ, թե Թուրքիան կարող է վերաբացել սահմանը՝ հաճոհայանալու համար Եվրամիությունը, որին ձգտում է անդամակցել: Վերջին հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե սահմանի վերաբացման դեպքում կտուժեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները:

Վերահաստատելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, Աբդուլլա Գյուլը միաժամանակ հորդորել է երկու երկրներին գտնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ հարցը սառեցվի», - ասել է Գյուլը՝ ավելացնելով, որ Անկարան ցանկանում է «գալիք մի քանի ամիսներին» կազմակերպել հանդիպում Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ օգնելու հարցի կարգավորման ուղիներ գտնելու գործում:

Թուրք դիվանագետներից մեկը «Ֆրանս Պրես» գործակալությանը ասել է, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում գալիք հունիսի 29-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG