Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքը անցավ Մատենադարանի մոտ


Ուրբաթ օրը Մատենադարի մոտ տեղի ունեցավ հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաք՝ առաջինը ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դաժան բռնություններով ցրելուց հետո:

Հանրահավաքը ծրագրված էր անցկացնել Ազատության հրապարակում, սակայն այսօր Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում նշվում էր Ոստիկանության օրը եւ հրապարակը լի էր ոստիկանական ավտոմեքենաներով, միկրոավտոբուսներով՝ շուրջ 80 ավտոմեքենա: Ազատության հրապարակի կողմից շենքի բոլոր դռները փակ էին. հանդիսության մասնակից ոստիկանները ներս էին մտնում ծառայողական մուտքից:

Դեռ մինչեւ հանրահավաքը մի քանի տասնյակ մարդ՝ հիմնականում տարեց, հավաքվել էին հրապարակի հարթակի մոտ: Նրանց, սակայն, իրավապահները ժամը վեցին մոտ, երբ նշանակված էր հանրահավաքի սկիզբը, ընդգծված կոպտությամբ դուրս հանեցին հրապարակից: Թեեւ վերջին օրերին համատարած խոսվում է լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին, ոստիկանության մի սպա հրապարակից այդ մարդկանց հանելիս հարվածեց «Ֆոտոլուր»-ի թղթակցի լուսանկարչական խցիկին՝ ասելով, թե չի թույլատրվում լուսանկարել:

Ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների մոտ հավաքված մարդիկ «Քոչարյան, հեռացի'ր», «Հաղթանակ» վանկարկելով Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մատենադարան, որտեղ հավաքված մի քանի հազար մարդկանց մեջ կային ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրամիության դրոշը ծածանողներ:

«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 13-ի գիշերը հանցագործություն էր ընդդեմ հայ ժողովրդի: Հանցագործություն, որը չի մոռացվելու եւ չի ներվելու», - հավաքվածներին դիմելով՝ ասաց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը իր խոսքում ապրիլի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածը համեմատեց Ավարայրի ճակատամարտի հետ՝ ասելով, որ հաղթանակ է տարել ընդդիմությունը, քանի որ նման բռնությունների դիմելը իշխանությունների վկայում է, որ իշխանությունների վախճանը մոտ է:

«Քոչարյանը որեւէ օր հանգիստ չի ունենալու այս երկրում», - հանրահավաքի իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանը: - «Անընդհատ հավաքվելու ենք, անընդհատ հանրահավաքներ ենք անելու»:

«Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը հանրահավաքում հրապարակեցին իրենց համատեղ հայտարարությունը:

«Գիշերային հայտնի բռնություններից հետո Հայաստնաում ստեղծվել է նոր իրավճակ», - ասված է, մասնավորապես, այդ հայտարարության մեջ: - «Պատռվել է ռեժիմի դիմակը եւ ժողովրդավարացման վերաբերյալ Հայաստանի վերցրած պարտավորությունների կատարմանը հետեւող միջազգային պատասխանատուները երկրի ղեկավարներից պահանջում են դադարեցնել բռնությունները, գործընթացներին մասնակցել քաղաքական հարթությունում»:

«Հայաստանի եւ նրա ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումը այլընտրանք չունի, քան երկրում սահմանադրական կարգի վերականգնումը եւ օրինական իշխանության ձեւավորում», - կրկին հայտարարում է միացյալ ընդդիմությունը: - «ժողովրդավարացման ճանապարհին հիմնական խոչընդոտը հասարակության հետ բոլոր կամուրջներն այրած Ռոբերտ Քոչարյանն է եւ նրա կամակատարները, որոնց հեռացման հասարակական պահանջը հնարավոր է իրականացնել եւ կիրականացվի քաղաքական խաղաղ միջոցներով»:

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նշանակված է ապրիլի 21-ին:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG