Մատչելիության հղումներ

Ինքնասպանություն է գործել «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալներից մեկը


Ուրբաթ առավոտյան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Վռամ Գալստյանը: Ցմահ ազատազրկման պատիժը կրող Գալստյանը նույն գործով դատապարտյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների քեռին է: Դեպքի կապակցությամբ Երեւանի Էրեբունի համայնքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի խոսքերով, Գալստյանի դիակը բանտախցում հայտնաբերել է հերթափոխի աշխատակիցը առավոտյան շրջայցի ժամանակ:

«Երեք-չորս օր առաջ Վռամ Գալստյանը զբոսանքից վերադառնալիս չի ցանկացել նույն խուցը մտնել, որտեղ մինչ այդ ապրել էր՝ մեկնաբանելով, որ իր խցի մյուս դատապարտյալների հետ չի կարող ապրել եւ գրավոր դիմում է ներկայացրել իրեն առանձին խցում պահելու համար: Ասել է, թե մյուս դատապարտյալների հետ չի կարողանում համակերպվել», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, Վռամ Գալստյանը մի քանի տարի շարունակ «հոգեկան խանգարման պահեր է ունեցել» եւ համապատասխան բուժում է ստացել:

«Նախկինում իր հետ նույն խցում գտնվող դատապարտյալները միշտ բողոքել են իր ագրեսիվ վերաբերմունքից», - ասաց Սամվել Հովհաննիսյանը: - «Նախկինում էլ Վռամ Գալստյանը մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել՝ երակներն է կտրել, փորձել է կախվել, բայց այնտեղ մարդիկ են եղել, ովքեր կանխել են»:

Նա միանշանակորեն բացառեց Գալստյանի մահվան այլ վարկածներ՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ վերջնական խոսքը նախաքննությանն է: Հովհաննիսյանի փոխանցմամբ, կալանավայրի բժիշկները տվել են Գալստյանի մոտավոր ախտորոշումը՝ պահերի տակ հոգեկան խանգարում է ունենում:

«Ինչ-որ պահ շտկվում է՝ դեղորայք ընդունելուց հետո, ինչից հետո էլի իր մոտ ագրեսիա է առաջ գալիս եւ նման ոչ ստաբիլ հոգեկան վիճակ», - ասաց նա՝ ավելացնելով, որ դա երեւում էր նաեւ դատավարության ժամանակ:

Այսօր դեպքի վայր են հրավիրվել նաեւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներ: Վերջինիս նախագահ Ավետիք Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Նուբարաշենի մեկուսարանում է եղել մոտավորապես ժամը 2-ի սահմաններում:

«Բացեցին խուցը, տեսանք կախված: Սավանը ամուր ոլորած, մի քանի հանգույցներ արած, դռան վերեւում լույսի համար նախատեսված խորշի երկաթներից կապած, եւ ոտքերը քարշ էին գալիս գետնին: Հեռուստացույց միացված էր», - ասաց Իշխանյանը՝ ավելացնելով, որ իրենք թույլ չեն տվել լուսանկարել: - «Բռնության հետքեր կան վրան, թե չկան, մեզ թույլ չտվեցին տեսնել՝ ասելով, որ նախաքննություն է լինում»:

Նույն պատճառաբանությամբ, իրենց թույլ չեն տվել նաեւ զրուցել Գալստյանի նախկին խցակիցների հետ:

Ավետիք Իշխանյանը զրուցել է նաեւ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի հոգեբան Անի Խաչատրյանի հետ:

«Հոգեբանը ամսի 13-ին հանդիպել է նրա հետ եւ որեւէ հուզական վիճակ եւ այլն չի նկատել», - փոխանցեց Իշխանյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG