Մատչելիության հղումներ

Կապի նախարարի համարում է, թե ընդդիմությունը խաբում է ժողովրդին


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը հետամուտ ընդդիմությունը խաբում է ժողովրդի մի մասին, իսկ կատարվողը իրականում «աթոռակռիվ» է:

«Նախ շատ տհաճ էր ինձ համար որպես մարդ, երբ մարդկանց խաբելով բերեցին սկզբից Ազատության հրապարակ, հետո տարան Բաղրամյան պողոտա՝ իբր իշխանափոխւթյուն պետք է անեին, իբր երկրի նախագահը պետք է հրաժարական տա», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը՝ գնահատելով. - «Իհարկե, դա խաբկանք էր, որը արեցին»:

Կապի եւ տրանսպորտի նախարարը այսօր պնդեց, որ հանրահավաքի օրերին մարզերը Երեւանին կապող ճանապարհները բաց են եղել. Երեւան կարողացել են գալ բոլոր ցանկացողները:

«Պարզ է, որ դա ընդդիմության պատճառաբանություններից մեկն էր: Տեսել են, որ քիչ մարդ է գալիս՝ պատճառաբանում են, որ ճանապարհները փակ են եղել», - բացատրեց նա՝ շեշտադրված կրկնելով. - «Ճանապարհները փակ չի' եղել»:

Չորեքշաբթի օրը, սակայն, հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կազմակերպած մի քննարկման ժամանակ երկրի ոստիկանության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, մայոր Հովհաննես Քոչարյանը խոստովանել էր, որ ընդդիմության հանրահավաքների օրերին Երեւան բերող մայրուղիները ոստիկանությունը իրոք փակում էր՝ տեղյակ լինելով մարզերի բնակիչների տրամադրություններին:

Անդրանիկ Մանուկյանը տեղյակ է նաեւ, թե ինչ մեթոդներով է ընդդիմությունը կազմակերպում հանրահավաքները. մարդիկ դժգոհ չեն, այլ պարզապես փող չունեն:

«Մարդկանց փող են տալիս՝ գալիս են հանրահավաքի», - հայտարարեց նա՝ ավելացնելով, որ, իր տեղեկություններով, դրոշակ բռնողներին տալիս են «երկուսին հինգ հազար», իսկ սովորական հանրահավաքայիններին՝ 2 հազար դրամից ոչ ավելի:

Նախարարը նաեւ լրագորղներին մեղադրեց: «Դուք՝ լրագրողներդ, ավելի շատ եք թեժացնում, քան կա այսօր: Դրա համար խորհուրդ եմ տալիս ձեզ. եթե ուզում եք, որ նորմալ լինի՝ բարություն սփռեք, մի բարի լուր գրեք»:

Դիտարկմանը, թե հնարավոր չէ բարի լուր գրել այն մասին, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Բաղրամյան պողոտայի խաղաղ ցուցարարներին, նույնիսկ ծառի տակ հանգիստ քնած կանանց, նախարարը վրդովված հակադարձեց. - «Ի՞նչ գործ ունի ժամը 2-ին գա Բաղրամյան պողոտա, ծառի տակ քնի... Այ քեզ բան»:

Վերջում նախարարը լրագրողներին խորհուրդ տվեց շփվել ժողովրդի հետ եւ համոզվել, որ բոլորը դատապարտում են ընդդիմության քայլերը, իսկ ընդդությանը խորհուրդ տվեց չշտապել՝ սպասել մինչեւ հաջորդ հերթական ընտրությունները:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG