Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այստեղով ոստիկան է անցել», - առաջին էջի ճակատին հայտնի արտահայտությունը վերափոխել է «Առավոտ» թերթը՝ ներկայացնելով վերլուծություններ, թե ինչպես են օրինականություն պահպանելու կոչվածներն իրենք խախտել «Ոստիկանության մասին» օրենքի սահմանումները ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում: Այստեղ նաեւ ընդգծվում է. - «Միամտություն կլիներ հույս հայտնելը, թե դատախազությունն ուշադրություն կդարձնի ոստիկանների կողմից օրենքի սահմաններն անցնելու փաստերին, երբ արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ազդարարվեց, թե ոստիկանների գործողություններն իբր օրինաչափ էին, համարժեք եւ արժանի խրախուսանքի»:

Ոստիկանության օրվա առթիվ «Ազգ» թերթը առաջարկում է նրանց նվիրել ֆոտո եւ տեսախցիկներ: «Քանզի վերջին շրջանում, հատկապես մեր ոստիկանապետերը սկսել են հատուկ սեր տածել մեր մասնագիտական գործիքների նկատմամբ: Ավելին՝ սկսել են յուրօրինակ սիրով սիրել մեզ՝ լրագրողներիս, առիթը բաց չթողնելով բռունցքով, ոտքերով եւ անգամ մակահներով շոյելու մեզ», - պատկերավորում է «Ազգ»-ը: Այս թերթում այսօր նաեւ կարդում ենք. - «Հայ հրամանատարի մեջ խոսե՞լ է այդ պահին խիղճը, թե սադիզմի ինչ օրինակ է տալիս երիտասարդին... Մարդուն դնում են այնպիսի պայմաններում, որ ակնթարթորեն հրամանի ազդեցությամբ կարող է վերածվել մահակավոր կենդանու, որից հետո գլխիկոր պիտի շրջի քաղաքում՝ մեղավորի ներքին բարդույթով»։ Ընդհանուր առմամբ, մեկնաբանը խտացնում է. - «Բաց, թափանցիկ հասարակության փոխարեն կասկածամտության, վախի եւ ատելության զգացողություններով մթնոլորտ ու վիճակ ունենք այսօր։ Հասարակության երկու թեւերն իրարից տարանջատող փշալարային իրականությունը նախանշում է բռնատիրական մռայլ ժամանակներին բնորոշ վիճակ»։

«Իրավունք» թերթի արժեվորմամբ՝ ջարդի ժամանակ ցուցարարները կարողացան ի պատիվ իրենց լուրջ դիմադրություն ցույց տալ, թեեւ նրանց դեմ դուրս էին եկել Հայոց աշխարհի եւ Արցախ աշխարհի լավագույն ուժային կազմավորումները, իսկ դա վկայում է որոշակի հասարակական տրամադրությունների մասին: «Ռոբերտ Քոչարյանը, դաժանաբար ճնշելով ընդդիմության գործողությունները, ինքն իր սեփական ձեռքով միացրեց իշխանափոխության վայրկյանաչափը», - գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «1996-ին Երեւան զորք մտցնելուց հետո 1,5 տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրված եղավ զիջել նախագահի աթոռը, իսկ եթե հաշվի առնենք, որ Բաղրամյան պողոտայի իրադարձությունները կիրառված բռնության ընդգրկմամբ գերազանցեցին 96-ին կատարվածը, ապա տրամաբանական է ենթադրել, որ այս անգամ վայրկյանաչափի վրա դրված ժամանակը սպառվելու է զգալիորեն ավելի շուտ», - բխեցվում է «Իրավունք»-ում:

«Հայկական ժամանակ» թերթում այսօր նշվում է, որ «բռնությունները նույնքան զայրացրել ու վրդովեցրել են իրավապահներին, այլ բան է, որ նրանք չեն համարձակվում իրենց կարծիքը բարձրաձայն արտահայտել»: Ընթացքից «Հայկական ժամանակ»-ում ուշադրություն է սեւեռվում, թե իշխանությունները հատկապես հող են նախապատրաստում ամենաընդդիմադիր կուսակցությունը փակելու համար, եւ դա է վկայում քրեական գործերի հարուցումը հիմնականում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների դեմ:

«Կոալիցիայի մեծահոգությունն անսահման է», - հեգնում է «Առավոտ» թերթը, նկատի ունենալով վերջինիս կողմից ընդդիմությանն առաջարկվող բանակցային կետերի անշոշափելիությունը: Ըստ այդմ էլ՝ «Առավոտ»-ում նախանշված է. - «Եթե այսքան կոնստրուկտիվ առաջարկներից հետո էլ ընդդիմությունը չհամաձայնի երկխոսությանը, մեղքը նրա վիզը՝ ընդդիմադիրների հետ երկխոսություն կվարի ոստիկանության «սպեցնազը»: Իսկ Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը այս շաբաթվա համարում էլ շարունակում է հորդորել. - «Խնդիրը որեւէ մեկին մեղադրելը չէ, այլ այնպիսի իրավիճակ ձեւավորելը, որ ո'չ հակաօրինական գործողություն կատարելու, ո'չ էլ դրան համարժեք կամ ոչ համարժեք արձագանքելու կարիք լինի: Նման իրավիճակ կարելի է եւ հնարավոր է ստեղծել միմիայն երկխոսության միջոցով. այսօր էլ դրա համար դեռ ժամանակ կա»: «Այլապես», - ինչպես շեշտադրել-զգուշացրել է «Երկիր»-ի վերլուծաբաններից մեկը, - «ակնհայտ, է, որ իշխանություն - ընդդիմություն հակամարտությունը երկուստեք սպառելու է կողմերի ռեսուրսները՝ անխուսափելիորեն հանգեցնելով ծանր կորուստների ժողովրդի եւ պետության համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG