Մատչելիության հղումներ

Կոալիցիան կրկին հանդես է գալիս երկխոսության առաջարկով


Իշխող քաղաքական կոալիցիան հինգշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ, որով կրկին երկխոսություն է առաջարկում ընդդիմությանը: Ընդդիմության ղեկավարները, սակայն, չեն հրաժարվում իրենց նպատակներից:

Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հրապարակված հայտարարությամբ իշխող քաղաքական ուժերը չորս առաջարկ են ներկայացնում ընդդիմությանը՝ սահմանադրական բարեփոխումների առանցքային հոդվածները համաձայնությանբ ընդունելու հնարավորության սահմանում, միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող Ընտրական օրենսգրքի փոփոխությունները համաձայնությամբ ընդունելու հնարավորության սահմանում, հակակոռուպցիոն պայքարում ընդդիմության գործուն մասնակցության ձեւերի մշակում եւ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների հստակ ժամանակացույցով կատարում:

«Քաղաքական կոալիցիան սույն առաջարկով հրավիրում է ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերին ցանկացած պահի Ազգային ժողովում սկսելու երկխոսության քաղաքական գործընթացը», - հայտարարեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը:

Կոալիցիոն երեք խմբակցությունների ղեկավարները հավաստիացրին, թե ընդդիմությունն էլ կարող է իր առաջարկները ներկայացնել:

Այսօր ավելի վաղ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր. - «Խոսել երկխոսության մասին կարելի է միայն այն բանից հետո, երբ պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում նաեւ՝ քրեական, մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություններ եւ բռնություններ: Ընդ որում՝ նաեւ այն անձինք, ովքեր իրականացրել են կեղծիքներ. մասնակցել են կեղծիքներին նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց չընտրված նախագահի հրաժարականի պահանջը մնում է մեր օրակարգում»:

Այս առիթով ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասաց. - «Նման գործերը հետաքննության պրոցեսում են: Եվ եթե իրոք նման գործողություններ են կատարել, որ քրեորոն պատժելի են, կարծում եմ, այս երկխոսությունը կնպաստի, որպեսզի կարողանանք նաեւ այդ խնդիրների մասին խոսել եւ լուծումներ տալ»:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով երեկ հայտարարել էր, թե կոալիցիան ոչինչ չի որոշում, որոշողները նախագահն ու պաշտպանության նախարար են, այսօր կրկին բանավեճի հրավիրեց նախագահ Քոչարյանին: «Ես հրավիրում եմ ձեզ ուղիղ եթերով երկխոսության», - ասաց Գեղամյանը՝ շարունակելով. - «Դուրս եկեք փշալարերի հետեւից, դուրս եկեք ընդհատակից, մի' վախեցեք հայ ժողովրդից, նա երբեւէ բռնությունների չի գնա ձեր հանդեպ, ինչպես դուք կարգադրեցիք բռնությունների դիմել ժողովրդի հանդեպ: Մի' վախեցեք. պարոն Դեմիրճյանի հետ երաշխավորում ենք ձեր անվտանգությունը»:

Ազգային ժողովում չներկայացված «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի առիթով, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մի կողմից ընդդիմությունը հայտարարեց իր մտադրությունը չփոխելու եւ վաղը նույն օրակարգով հանրահավաք անցկացնելու մասին, մյուս կողմից՝ հիասթափեցնող է նաեւ նախագահի մոտեցումը, որը երեկ հայտարարեց, որ նույն իրավիճակի ստեղծման պարագայում ժողովրդի նկատմամբ կկիրառվի նույն գործելակերպը»:

«Բացարձակ սնանկ վիճակում է նաեւ այսօր կառավարող կոալիցիան, քանզի որեւէ լիարժեք քայլ վիճակը լիցքաթափելու համար, ցավոք սրտի, չի առաջարկվել», - կոալիցիայի այսօրվա հայտարարություն գնահատեց Արմեն Դարբինյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG