Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները բողոքում են ընդդեմ բռնությունների ու քաղաքական հետապնդումների


Հայաստանյան մի քանի տասնյակ իրավապաշտպան եւ երիտասարդական հասարակական կազմակերպություններ հինգշաբթի օրը արտոնված հանրահավաք անցկացրին Մատենադարանի մոտ՝ բողոքելով ընդդեմ բռնությունների, քաղաքական հետապնդումների ու ձերբակալությունների:

Նախապես ծրագրված էր հանրահավաքը անցկացնել Ազատության հրապարակում, սակայն քաղաքապետարանը արգելել էր՝ պատճառաբանելով, որ այնտեղ այսօր համերգ է ծրագրված:

Հանրահավաքի շուրջ 1000 մասնակիցներին դիմելով, ովքեր «Ո'չ ոստիկանական պետությանը», «Անտարբերությունը՝ հանցագործություն է», «Ո'չ հատուկ միջոցներին»: «Ա1+» - «Պապլավոկ» - սուտ ընտրություններ - քաղբանտարկյալներ - ծեծված լրագրողներ - քաղաքական սպանություններ» ցուցապաստառներով հավաքվել էին Մատերադարանի մոտ, կազմակերպիչները շեշտեցին, որ իրենց միջոցառումը քաղաքական բնույթ չի կրում, այլ ելույթ ունեցողները ներկայացնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը:

«Մենք չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ քաղաքական հարցերը բռնությամբ են լուծվում: Մենք չենք ուզում, որ մեր քաղաքը լինի ասիական բռնակալության երկրի մայրաքաղաք», - հանրահավաքը բացելով ասաց ԵՊՀ ասպիրանտ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Հայաստանի Հելսինկյան մոնիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ Հայաստանում այսօր արդեն կան քաղաքական բարտարկյալներ, քանի որ վերջին օրերին մարդիկ ձերբակալվել են հենց քաղաքական հայացքների համար:

Հանրահավաքականները երթով գնացին դեպի Ազգային ժողովի շենքը, որի մոտ ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանությունը դաժանությամբ ցրել էր ընդդիմադիրների աջակիցներին, եւ փուչիկներ կապեցին խորհրդարանի ցանկապատին: Փուչիկների վրա գրված էր՝ «ժողովրդավարություն», «Մարդու իրավունքներ», «Ազատ խոսք», «Ազատություն»:

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի խոսքերով, նման գործողությունը նախ մարդկանց մեջ կկոտրի վախը այդ վայրի նկատմամբ, ուր տեղի էին ունեցել բռնությունները: Եվ ապա՝ դա խորհրդանշում է, որ հանրահավաքականները հետ են վերադարձնում Ազգային ժողովի ստեղծած «փուչիկները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG