Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակելու է հանրահավաքային պայքարը


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը չորեքշաբթի օրը որոշել են ապրիլի 16-ին կրկին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Հանրահավաք անցկացնելու որոշման մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամներից Շավարշ Քոչարյանը, ով, գալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբետր Բազեյանի ասուլիսին, ասաց. - «Հատուկ եկա, որպեսզի տեղյակ պահեմ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» ֆրակցիայի համատեղ որոշման մասին՝ ուրբաթ օրը ժամը վեցին Ազատության հրապարակում հրավիրվում է հանրահավաք»:

Ինչպես Ալբերտ Բազեյանը, այնպես էլ առանձին ասուլիս հրավիրած «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը իրենց վճռականությունը հայտնեցին՝ շարունակելու Հայաստանում իշխանափոխությանն ուղղված գործունեությունը:

Արտաշես Գեղամյանի խոսքերով, իրենք գործընթացները պատրաստվում են վերսկսել գրագետ ձեւով. ծրագիրը իշխանափոխությունն է, իսկ դրանց իրականացման ճանապարհները սահմանադրական են:

«Էլ ավելի է խորացել վճռականությունը, էլ ավելի է խորացել համոզմունքը, որ ամեն ինչ պետք է անենք՝ փրկելու մեր ժողովրդին այս անօրինական իշխանություններից», - հայտարարեց Գեղամյանը:

Եթե «Ազգային միաբանություն» կուսակցության՝ երեկ վաղ առավոտվանից իրավապահների կողմից խուզարկված ու փակված գրասենյակը օրվա երկրորդ կեսին արդեն վերադարձվել էր տերերին, ապա «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը դեռեւս փակ է:

Բազեյանի խոսքերով, այդ քայլով իշխանությունները իրենց զրկել են քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Նա հայտարարեց, որ վաղը կուսակցության բոլոր ղեկավարները (այդ թվում՝ Արամ Սարգսյանը, ում գտնվելու վայրը մինչեւ հիմա անհայտ է) ու ակտիվիստները հավաքվելու են գրասենյակի մոտ՝ պահանջելու բացել կուսակցության գրասենյակը:

Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակում այսօր ավելի ուշ Արտաշես Գեղամյանը, թեեւ մինչեւ գրասենյակ մտնելը ասել էր, թե գրականությունից բացի (որի մի մասը, ի դեպ, առգրավվել է), այլ թանկարժեք իրեր չունի, հայտարարեց, որ կորել է «շուրջ տասը հազար դոլարի համաժեք գումար»: Նա ասաց, թե կուսակցության չհրկիզվող պահարանում էր պահում բանակում ծառայող իր որդու վաճառված ավտոմեքենայի գումարը: Պահարանի դուռը կոտրած էր:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG