Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները ազատ են արձակվել


Երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել նախորդ գիշերը նախ որպես վկա բերման ենթարկված, իսկ հետո «իշխանությունը բռնությամբ փոխելու» մեջ կասկածյալի կարգավիճակով ձերբակալված ընդդիմադիր պատգամավորներ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը եւ Ալեքսան Կարապետյանը: Մի քանի ժամ հարցաքննվելուց հետո, կասկածյալները նորից վերածվել են վկաների ու ազատ արձակվել՝ առանց հիմնավորման:

«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ, պատգամավոր Շավարշ Քոչարյանին, ըստ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության, ձերբակալել էին «խաղաղ ցույցին հրազենով մասնակցելու» համար: Ոստիկանության լրատվական վարչության պետ Սայադ Շիրինյանը այսօր որեւէ պարզաբանում չտվեց, թե ինչու են ազատ արձակել հրազենով ցույցին մասնակցած պատգամավորին կամ՝ ինչի հիման վրա էր արված նման պատասխանատու հայտարարությունը: Շիրինյանը պարզապես խորհուրդ տվեց դիմել գլխավոր դատախազություն: Վերջինիս ներկայացուցիչներն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասացին՝ թող պատասխան տան հայտարարության հեղինակները:

Մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Շավարշ Քոչարյանը, ոստիկանություն տանելուց եւ անգամ ձերբակալելուց հետո իրեն որեւէ հարց չի տրվել հրազենի մասին:

«Զենքի հետ կապված հարց ինձ այդպես էլ չտվին», - ասաց Քոչարյանը: - «Հետո բանավոր բացատրություն տվեն, թե գիտեք ինչ, կարծում էինք, որ դա ձեր զենքն է: Հետո կարծես ճշտել են, որ իմը չէ»:

Երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանը, իսկ այսօր կեսօրից հետո՝ նաեւ «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը:

Ոստիկանության լրատվական վարչության տրամադրած նախնական տվյալներով, ապրիլի 12-13-ին հասարակական կարգը խախտելու համար Երեւանում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 115 մարդ: Նրանցից 7-ը ենթարկվել են վարչական կալանքի, 12-ը՝ տուգանվել: 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Հարցաքննվել եւ ազատ է արձակվել 71 մարդ, 19 մարդու դեռ հարցաքննում են:

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, իշխանությունը բռնությամբ զավթելու գործողությունների փաստով մարտի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել եւ հարցաքննվել մոտ հարյուր մարդ: Որպես կասկածյալներ դեռ ձերբակալված են «Հանրապետություն» կուսակցության անդամներ Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս եղբայր Արթուր Հարությունյանը, Գեղամ Հարությունյանը: Բնույթով գրեթե նույն, բայց այլ հոդվածով հարուցված քրեական գործով կալանավորված են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ Սուրեն Սուրենյանցը, Արամազդ Զաքարյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG