Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. Իրավիճակի պատասխանատուն Քոչարյանն ու Սարգսյանն են


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կոալիցիոն կուսակցություններին պատասխանատու չի համարում երկրում ստեղծված իրավիճակի համար, ուստի իրավիճակից դուրս գալու ելքեր որոնող երկխոսությունը տեսնում է միայն ընդդիմության եւ նախագահ Քոչարյանի ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջեւ:

Ազգային ժողովում չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Արտաշես Գեղամյանը ասաց, որ իշխանական կողմի հետ հնարավոր երկխոսությունը կարող է ընթանալ երկրում ստեղծված «պայթյունավտանգ իրավիճակի գնահատման եւ դրանից դուրս գալու շուրջ»:

«Բնականաբար, այդ երկխոսությունը պետք է լինի մի կողմից ընդդիմության, մյուս կողմից պարոններ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ», - շարունակեց Գեղամյանը՝ փաստարկելով. - «Որովհետեւ եթե Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Ազգային ժողով արգելում են, դա խոսում է այն մասին, թե անգամ իսկ Ազգային ժողովի մուտքն ու ելքը ում կողմից է վերահսկվում»:

Գեղամյանը նկատի ունի, որ ապրիլի 12-ի երթից հետո ընդդիմադիր չորս պատգամավորների այդպես էլ թույլ չտրվեց մտնել Ազգային ժողովի շենք եւ հանդիպել խորհրդարանի խոսնակի հետ:

«Իրավիճակի պատասխանատուն քաղաքական կուսակցությունները չեն», - հայտարարեց Գեղամյանը: - «Իրավիճակի պատասխանատուն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնց հետ պատրաստ եմ ես, գործընկերներիս հետ միասին, ուղիղ եթերով խոսել ցանկացած հարցի շուրջ»:

Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տգրան Թորոսյանը, ով այսօր ավելի վաղ ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել Գեղամյանի եւ «Ազգային միաբանություն» խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ, այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հայաստանի կուսակցությունների համար ուղղակի վիրավորական է՝ եթե անգամ այդպես են մտածում, հայտարարել, որ այս երկրում ամեն ինչ կախված է ընդամենը երկու մարդուց... Ի վերջո, կուսակցությունները ստեղծվել են՝ քաղաքական գործընթացների, քաղաքական զարգացումների հետ կապված պատասխանատվություն ստանձնելով: Սահմանադրությունը չի սահմանափակել կուսակցությունների հնարավորությունները»:

Կոալիցիոն ուժերի՝ որոշում կայացնելու անզորության մասին՝ Գեղամյանի տեսակետին «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը արձագանքեց բառացիորեն հետեւյալ կերպ. - «Չի կարող նման բան լինել: Այսօր մենք կազմում ենք իշխանության մաս. շատ հարցեր լուծվում են համաձայն հուշագրի համաձայնեցնելով չորս կողմերի հետ»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամները հրաժարվեցին մեկնաբանություններից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG