Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը իրավապահները ձերբակալել են «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների 3 անդամների: Ըստ օրենքի, պատգամավորները կարող են կալանքի տակ պահվել 72 ժամ, ինչից հետո պարտավոր են ազատ արձակել՝ եթե երկրի գլխավոր դատախազը նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ չմտնի Ազգային ժողով:

Պատգամավորներից առաջինը ձերբակալվել էր «Արդարություն» դաժինքի ղեկավար անդամների Շավարշ Քոչարյանը: Նրան ոստիկանություն էին տարել դեռ գիշերը: Այսօր նրան արդեն հարցաքննում էին գլխավոր դատախազությունում:

Ոստիկանության լրատվական ծառայության՝ այսօր առավտյան տարածած հաղորդագրան մեջ ասված էր. - «Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել իրավախախտներ, այդ թվում եւ անկարգությունների կազմակերպիչներից մի քանիսը, որոնցից, օրինակ, Շավարշ Քոչարյանը այսպես ասած՝ խաղաղ ցույցին մասնակցում էր հրազենով»:

Նույն խմբակցության անդամ Արշակ Սադոյանին ոստիկանություն են տարել առավոտյան: Նա արդեն ձերբակալված է՝ «իշխանության յուրացմանը հանցակցելու կասկածանքով»: Սադոյանի շահերը պաշտպանում է փաստաբան Վարդան Զուռնաչյանը:

«Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, մեկնաբանելով հաղորդագրությունը, ուր նաեւ ասվում էր, թե «ցուցարարների գործողությունները ավելի ու ավելի ագրեսիվ ու անվերահսկելի են դառնում», այն «բացարձակ սուտ» որակեց:

«Բացարձակապես սուտ է», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց նա: - «Ցուցարարները խաղաղ էին, մարդիկ պարում էին, երգում էին: Այսօր ես հասցրեցի նայել իշխանամետ թերթերը, այնտեղ նշված էր՝ մարդիկ չէին հասկանում, թե ինչու են եկել Բաղրամյան փողոց, պարելո՞ւ համար... Այսինքն՝ հենց իրենք են հաստատում, որ խաղաղ, բացարձակապես խաղաղ հանրահավաք էր, խաղաղ երթ»:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում էր նաեւ, թե «անկարգությունների մի շարք մասնակիցներ ու կազմակերպիչներ դիմել են փախուստի». - «Ոստիկանությունը որոնողական, նախականխիչ միջոցառումներ է ձեռնարկում նրանց հայտնաբերելու եւ համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»:

Այսօր ձերբակալվել է նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ալեքսան Կարապետյանը: Ձերբակալված են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներ, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Արտակ Զեյնալյանը: Իրավապահները խուզարկություն անցկացնելու մասին դատարանի որոշմամբ այսօր փորձել են խուզարկել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Արդարություն. դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի բնակարանները: Պատգամավորները տանը չեն եղել, իսկ նրանց ընտանիքների անդամները հրաժարվել են ներս թողնել իրավապահներին:

Երեկ գիշեր ՀԺԿ գրասենյակը խուզարկելուց հետո ներկաներից մի քանիսին, այդ թվում նաեւ կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանին տարել էին ոստիկանություն: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ տկն Խաչատրյանը ձերբակալված է:

Գիշերը ոստիկանություն են տարվել նաեւ ընդդիմության բազմաթիվ ակտիվիստները, հանրահավաքի շարքային մասնակիցներ: Առավոտվանից, օրինակ, Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ադամյանի գլխավորությամբ, փոխոցներում ձերբակալում էին «հանրահավաքի ագրեսիվ մասնակիցներին, դրոշակակիրներին»:

Բերման ենթարկվածներից կամ գուցե արդեն ձերբակալվածներից շատերի մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Ոստիկանությունում դեռեւս ստույգ տեղեկություններ չկան, թե քանի հոգի է ձերբակալված, քանիսն է վարչական պատասխանատվության ենթարկվել, քանիսի նկատմամբ է քրեական գործ հարուցվել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG