Մատչելիության հղումներ

Իշխանական կոալիցիայի ղեկավարները խուսափում են մեկնաբանել անցած գիշերվա դեպքերը


Այսօր տարածած հաղորդագրությամբ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծանուցում է, թե «պետական բոլոր կառույցները գործում են իրենց սահմանադրական գործառույթների շրջանակում՝ կատարելով երկրի եւ ժողովրդի բնականոն կյանքն ապահովելու իրենց վրա դրված պարտավորությունը»:

«Իշխանությունները կգործադրեն բոլոր օրինական միջոցները՝ քաղաքական էքստրեմիզմի նոր դրսեւորումները կանխելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Հետկեսօրին նախագահը խորհրդակցության էր հրավիրել իշխող կոալիցիայի խորհրդի անդամներին՝ այդ թվում եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ինչպես նաեւ Ազգային Ժողովի «Ժողպատգամավոր» խմբի եւ ՄԱԿ (Միավորված աշխատանքային կուսակցություն) խմբակցության ղեկավարներին:

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո կոալիցիոն առաջնորդները առանձնապես ասելիք չունեին լրագրողներին: Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մերժեց հարցազրույցի խնդրանքը՝ վկայակոչելով նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունը:

«Բնականաբար, քննարկվել է իրավիճակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային Ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: - «Պետք է ձեռնարկվեն այն քայլերը, որոնք բնական են ցանկացած իրավիճակում քաղաքական խնդիրներ լուծելու համար, այսինքն՝ երկխոսություն, քննարկումներ ընդդիմության հետ»:

Դիտարկմանը, թե հնչել է մեղադանք, որ Ազգային ժողովում է կուտակվել այն ուժը, որը հետո մարդկանց դեմ է ուղղվել, Թորոսյանը պատասխանեց. - «Նման հարցերով զբաղվելը փոխնախագահների լիազորությունների շրջանակում չի գտնվում»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ընդամենը ասաց. - «Ընդհանրապես ներքաղաքական իրավիճակը քննարկվեց»:

Ավելի վաղ, երբ դեռ կոալիցիան ներկայացնող պատգամավորները նախագահի նստավայր մեկնելուց առաջ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ խորհրդակցությունից էին դուրս եկել, գիշերը Բաղրամյան փողոցում տեղի ունեցածին չշտապեցին գնահատական տալ՝ պատճառաբանելով, թե չունեն լիարժեք տեղեկատվություն:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, տեղի ունեցածը որակելով «շատ վտանգավոր», նույնպես խուսափեց գնահատական տալ:

Նա չհամաձայնեց լրագրողների պնդմանը, թե բռնություն է կիրառվել խաղաղ ցուցարարների դեմ՝ հակադարձելով. - «Ես չեմ կարծում, որ խաղաղ ցուցարարներ են»:

«Գիտեմ, որ ընդհարում է եղել, բայց ընդհարումը ինչպես է սկսվել, ինչ գործողությունների արդյունք է, ես դրա մասին դեռ տեղեկություններ չունեմ», - ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը: - «Շատ վատ բան է տեղի ունեցել: Իհարկե, ես լուրջ մտահոգված եմ դրանով, բայց ես չեմ կարող հիմա գնահատել դրդապատճառները՝ ով է սկսել եւ ինչի արդյունքում է դա տեղի ունեցել»:

Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ ասելով, որ ուժային մեթոդներին իրենք միշտ էլ դեմ են, առաջ քաշեց հետեւյալ խնդիրը. - «Ուժը կիրառվել է, որովհետեւ պետությունը որոշակի լիազորություններ ունի իրականացնելու»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG