Մատչելիության հղումներ

Ընդդիմության ցույցը ճնշվեց ուժի գործադրմամբ


Լույս երեքշաբթի գիշերը Հայաստանի իշխանությունները աննախադեպ դաժանությամբ ճնշեցին ընդդիմության կողմնակիցների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածեցին ջրնետ մեքենաներ եւ պայթուցիկներ: Ոստիկանության հատուկ ջոկատի՝ մահակներով զինված սաղավարտավորների անսպասելի գրոհը, ծեծ ու ջարդը հազարավոր մարդիկ ստիպեց խուճապի մատնված փախչել: Բազմաթիվ ցուցարարներ ստացան վնասվածքներ:

«Ոստիկանության աշխատակիցները՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով հարկադրված էին ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել օրինախախտների նկատմամբ», - ասված է Ոստիկանության լրատվական ծառայության՝ վաղ առավոտյան տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի՝ նշված գործողությանը նախորդել են «ոստիկանության աշխատակիցների բազմակի նախազգուշացումները, որ ցուցարարների գործողությունները հակաիրավական են եւ շարունակվելու դեպքում կարժանանան համարժեք գնահատականի», ինչին ի պատասխան՝ «ցուցարարների շղթան շարժվեց ոստիկանների ուղղությամբ, վերջիններիս կողմն սկսեցին նետվել բռնկուն նյութերով շշեր, քարեր, այլ առարկաներ, գործադրվեցին պարսատիկներ»:

Ըստ հաղորդագրության, ցուցարարները նաեւ դիմադրություն են ցույց տվել եւ տարբեր կարգի մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: Կան ձերբակալվածներ ինչպես ցուցարարներից, այնպես էլ կազմակերպիչներից:

Գիշերվա ընթացքում կոտրելով դռները իրավապահները ներխուժել են ՀԺԿ, «Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների գրասենյակները: Խուզարկություններ են անցկացվել, տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են: Վերջիններից առնվազն երեքը Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների անդամներ են: «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի փոխանցմամբ, անհետացել է թերթի թղթակիցներից Ավետիս Բաբաջանյանը, իսկ մեկ այլ թղթակից՝ Հայկ Գեւորգյանը ոստիկանների կողմից դաժանորեն ծեծվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Իրավապահների կողմից ուժի գործադրմամբ ավարտվեց երթով Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտա եկած շուրջ 15 հազար ցուցարարների եւ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ու ներքին զորքերի ջոկատների ավելի քան ութ ժամ տեւած դիմակայությունը Ազգային ժողովի շենքի դիմաց: Ցուցարարների նպատակակետը նախագահի նստավայրն էր, որին նրանք չհասան, քանի որ պողոտան արգելափակված էր փշալարերով ու ոստիկանների հոծ շարքերով, իսկ ցուցարարները չփորձեցից անգամ անցնել այդ պատնեշը: Իսկ իրավապահների գրոհի ժամանակ հրապարակում մնացել էին 2-3 հազար ցուցարարներ, ովքեր պարզապես երգում եւ պարում էին:

Կեսգիշերից մոտ կես ժամ անց անջատվեց Բաղրամյան պողոտայի լուսավորությունը, փողոցն ընկղմվեց մթության մեջ: Քիչ անց Օպերայի ամբողջ շրջակայքում տարբեր համազգեստներով, քաղացիական հագուստով մի քանի հարյուրի հասնող ուժեր կուտակվեցին, իսկ երբ սկսվեց հիմնական գործողությունը՝ Բաղրամյան պողոտան կրկին լուսավորվեց: Բուն գործողությունը սկսվեց ժամը 2-ին՝ հանեցին փշալարերը, բացեցին ճանապարհը ու ջրնետ մեքենաները առաջ շարժվելով ջրի շիթերն ուղղեցին ցուցարարների վրա: Միաժամանակ, սկսեցին մեծ աղմուկով ճայթող ու ծուխ արձակող պայթուցիկներ նետել ցուցարարների ամբոխի մեջ: Տարբեր ուղղություններից՝ Ազգային ժողովի անցագրային կետից, Սահմանադրական դատարանի մոտից հատուկ ջոկատայինները ռետինե մահակներով հարձակվեցին ցուցարարների վրա ու սկսեցին հարվածել ում պատահի:

«Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցներին մի խումբ մարդկանց հետ հաջողվեց պարզապես փախչել ինչ-որ ցանկապատերի, հին, քանդվող պատերի վրայով: Տարիքով մարդիկ, վիրավորներ, կանայք իրար օգնելով փորձում էին ապաստան գտնել անծանոթ բակերի մթության մեջ: Ոչինչ չէր երեւում, խոսում էինք շշուկով, որ հանկարծ չմատնեն մեր տեղը:

«Դուբինկով տվին ու գազը բրախին քթիս», - ասաց մեզ հետ միասին փախած մի երիտասարդ, ում դեմքն ամբողջովին արյունոտ էր՝ ավելացնելով, թե հարձակվողների մեջ ոստիկաններ չկային՝ բոլորը հատուկ ջոկատների զինվորներ էին՝ կարմիր բերետներով:

«Ամոթ իրենց», - արցունքն աչքերին ասաց միջին տարիքի մի կին: - «Մենք մեզ համար հանգնած էինք՝ մեր երգը մեր երաժշտությունը: Հետո մոտեցրին էդ ջրի մեքենան, ջուրը սկսեցին լցնել ժողովրդի վրա: Հետո սկսեցին էդ գազը պայթեցնելը»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները այդտեղ հանդիպեցին նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանին: Գեղամյանի հավաստիացմամբ, ցուցարարները ոչ մի առիթ չէին տվել ուժայինների հարձակման համար:

Նրա խոսքերով, ինքը՝ պատգամավորներ Արամ Սարգսյանի, Սմբատ Այվազյանի եւ Ալեքսան Կարապետյանի հետ միասին կանգնել էին հարձակվողների առջեւ, ասել էին, որ ԱԺ պատգամավորներ են, բայց դա էլ չէր օգնել: Մի քանի հարված էլ Գեղամյանն էր ստացել:

«Եթե փոքր-ինչ հույս կար, թե կարելի է հետները բանակցել, վերջակետը այսօր դրվեց», - ասաց նա: - «Այլեւս հարյուր տոկոսով կարելի է ասել, որ ստեղծված իրավիճակում պարոն Քոչարյանը իշխանավարել չի կարողանա»:

«Սրանով ինքը տարավ նրան, որ ինքը միանշանակ դատվելու է իր գործած բոլոր մեղքերի համար», - ավելացրեց Արամ Սարգսյանը: - «Եվ որեւէ կոմպրոմիս էլ չի լինելու»:

Ինչպես Գեղամյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը ընկճված չէին: Հակառակը, երկուսն էլ վճռական էին՝ պայքարը շարունակելու: Ժամը երեքից հետո արդեն ընդդիմադիրները զանգահարում էին հիվանդանոցներն ու ոստիկանության բաժինները՝ ճշտելու, թե ով որտեղ է պառկած կամ որտեղ է ձերբակալված:


Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG