Մատչելիության հղումներ

Կոալիցիան «նպատակահարմար չի համարում» մասնակցությունը առաջիկա խորհրդարանական եռօրյային


Երկուշաբթի օրը իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը տարածել են համատեղ հայտարարություն, որով փաստորեն բոյկոտել են այսօր սկսվելիք խորհրդարանական եռօրյան: Ընդդիմադիրները տարակերպ են մեկնաբանում իշխանական կուսակցությունների այդ քայլը:

«Քաղաքական արհեստական լարումներից խուսափելու նպատակով ՀՀԿ, «Օրինակ երկիր» եւ ՀՅԴ պատգամավորական խմբակցությունները նպատակահարմար չեն համարում իրենց մասնակցությունը ս/թ ապրիլի 12-14-ի եռօրյայի աշխատանքներին», - ասված է հայտարարության մեջ: - «Միաժամանակ կոալիցիան վճռականորեն վերահաստատում է նախապես արտահայտված իր քաղաքական դիրքորոշումները»:

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները չհամաձայնեցին «բոյկոտ» բնորոշմանը: Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասացին, թե որոշումը նպատակ ունի խուսափել առճակատումից:

«Արդարություն» դաշինքում, սակայն, համոզված են, որ սա վկայում է, թե իշխանությանը մաս կազմող կուսակցությունները անում են ամեն ինչ, որպեսզի վստահության հանրաքվեի հարցը խորհրդարանում չքննարկվի:

«Այս քայլով կոալիցիան խուսափում է քաղաքական պատասխանատվությունից», - գնահատում է «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Երկրում ստեղծվել է լարված քաղաքական իրավիճակ, եւ կոալիցիան, չընտրված նախագահի հետ միասին, կրում է այս լարվածություն հետեւանքների ողջ պատասխանատվությունը»:

Ի տարբերություն Վիկտոր Դալլաքյանի, «Ազգային միաբանություն» կուսակցությունում կոալիցիայի քայլը որակում են որպես խոհեմություն: Ըստ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի՝ անգործության մատնված խորհրդարանի պայմաններում իշխանությունները չեն կարողանա մեղադրել ցուցարարներին, թե նրանք երթ կազմակերպելով Բաղրամյան պողոտայով խափանում են Ազգային Ժողովի աշխատանքը:

«Կոալիցիան դրանով իսկ ասաց, որ իրենք հակաժողովրդական գործողություններ կիրառելուն դեմ են, եւ իրենցից կախվածն անում են, որ այդ ամենը չիրականանա», - ասաց Գեղամյանը:

Գեղամյանի ասածը թույլ է տալիս ենթադրել նաեւ, որ «Ազգային միաբանություն»-ը դեմ չէ կոալիցիայի ներկայացուցիչների հետ անցած ուրբաթ մեկնարկած երկխոսությունը շարունակելուն:

Վիկտոր Դալլաքյանը, մինչդեռ, պնդեց, թե այն բանից հետո, երբ կոալիցիան փաստորեն հրաժարվեց խորհրդարանում քննարկել վստահության հանրաքվեի հարցը, պարզ դարձավ, որ «երկխոսության գնալու կոալիցիայի առաջարկությունները բլեֆ էին»:

Կոալիցիան, հիշեցնենք, դեմ չէր ընդդիմադիրների հետ քննարկել վստահության հանրաքվեի օրինականության հարցը: «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղարի պնդմամբ, սակայն, «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների օրինական լինել-չլինելը քաղաքական ուժերը չէ, որ պետք է որոշեն: Դալլաքյանի խոսքով՝ դրա համար գոյություն ունի Սահմանադրական դատարան: Իսկ խորհրդարանը կարող էր պարզապես ընդունել ընդդիմության առաջարկը, հետո այն ուղարկել երկրի նախագահին՝ ստորագրության, որն էլ իր հերթին ի պաշտոնե արդեն կարող էր բարձրացնել վստահության հանրաքվեի օրինականության հարցը:

Սահմանադրական դատարանը, մինչդեռ, այսօր կրկին հանդես է եկել բավական ընդարձակ հայտարարությամբ, որով վերահաստատել է արդեն մի քանի անգամ հայտարարածը, թե՝ 2003 թվականի ապրիլի 16-ի իր որոշման մեջ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկությունը «պարտադիր բնույթ չունի եւ անմիջական իրավական հետեւանքներ չի առաջացնում»:

«Արդարություն» դաշինքը խոստանում է վերջին իրադարձությունների առթիվ դիմել նաեւ եվրոպական կառույցներին: Դաշինքի ղեկավարներից Շավարշ Քոչարյանի խոսքերով, իրենք արդեն տեղյակ են պահել Եվրոպայի խորհրդին, որ երկրի իշխանությունները կոպտորեն խախտում են Սահմանադրությունը:

«Այս իրադարձությունների մասին ընդարձակ նամակով տեղեկացված են ե'ւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, ե'ւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Ավելին՝ «Արդարություն» դաշինքի կողմից ուղարկված նամակում նշվում է, որ այս փաստերը լիովին բավարար են, որպեսզի Եվրոպային խորհուրդը մոտակա նիստերից մեկում քննարկի Հայաստանում ստեղծված իրավիճակը»:



Գեւորգ Ստամբոլցյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG