Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը չի թուլացնում ճնշումը


Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմությունը շաբաթ օրը կրկին բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց՝ հայտարարելով, որ երկուշաբթի օրը երթով գնալու են դեպի նախագահի նստավայր:

«Երկուշաբթին մեր պայքարի վճռորոշ օրն է լինելու», - հանրահավաքականներին դիմելով՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Մենք պետք է ամեն գնով գրավենք Բաղրամյան պողոտան»:

«Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության երկրորդ միացյալ հանրահավաքի մասնակիցների քանակը թերեւս փոքր-ինչ պակաս էր ուրբաթ օրվա համեմատությամբ: Հանրահավաքը խաղաղ անցավ, կազմակերպիչները, ինչպես եւ երեկ, որոշեցին չկազմակերպել երթ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Ընդդիմության առաջնորդների պնդմամբ, երկուշաբթի օրվա հանրահավաքը շատ ավելի բազմամարդ է լինելու: «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, ընդդիմության առաջնորդները փորձելու են անձամբ մարզերի բնակիչներին առաջնորդել դեպի Երեւան, քանի որ երեկվանից իշխանությունները փակել են մարզերը մայրաքաղաքի հետ կապող բոլոր մայրուղիները:

Կարելի է վստահաբար ասել, որ երկուշաբթի օրը Բաղրամյան պողոտան փակված կլինի մահակավոր ոստիկաններով, փշալարերով եւ ջրնետ մեքենաներով: Երեկվանից արդեն ոստիկանության ուժերը կենտրոնացված են նախագահի նստավայրի մերձակայքում գտնվող պուրակում, եւ պարզ չէ, թե ինչ են ձեռնարկելու ընդդիմության առաջնորդները այդ խոչընդոտը հաղթահարելու համար:

Ընդդիմության երթը սկսվելու է վստահության հանրաքվե անցկացնելու մասին իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետի ավարտից չորս ժամ հետո: Իշխանական կոալիցիայի կուսակցությունները երեկ տարածած հայտարարությամբ վերահաստատել էին իրենց դիրքորոշումը, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների առաջարկությունը կապված վստահության հանրաքվեի անցկացման հետ «չի համապատասխանում Սահմանադրությանը եւ օրենքներին»: Կոալիցիան միաժամանակ պատրաստակամություն է հայտնել «քննարկելու կլոր սեղանի շուրջ ներքաղաքական իրավիճակին առնչվող ցանկացած խնդիր, այդ թվում առաջ քաշված առաջարկության օրինականության հարցը»:

«Երեկ նրանք հայտարարել են, թե վստահության հանրաքվեի պահանջը չի բխում Սահմանադրությունից», - հանրահավաքի իր ելույթում այսօր ասաց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: - «Իսկ ի՞նչն է բխում Սահմանադրությունից՝ անօրինական ձերբակալություննե՞րը, կեղծված ընտրություննե՞րը»:

«Մենք նրանց հնարավորություն տվեցինք հարցը լուծել օրենքի շրջանակում», - իր հերթին հայտարարեց Արամ Սարգսյանը: - «Բայց հրաժարվելով իրականացնել երկրի Սահմանադրական դատարանի որոշումը, իրենք իրենց դրեցին օրենքից դուրս եւ կկրեն ամբողջ պատասխանատվությունը»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG