Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Չեմ կարծում, թե արժե վիճակը շատ դրամատիկ երանգներով նկարագրել»


Հայաստանյան եռօրյա այցի ավարտին շաբաթ օրը հրավիրած ասուլիսում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցելով, որ այստեղ ունեցած հանդիպումներում քննարկվել է նաեւ երկրի ներքաղաքական վիճակը, կարծիք հայտնեց, թե «չարժե վիճակը շատ դրամատիկ երագներով նկարագրել»:

«Ներքաղաքական վիճակը Հայաստանում հանդիպումների ընթացքում քննարկվել է բավական հանգիստ ռեժիմում: Ես չեմ կարծում, թե նպատակահարմար էր այս հարցը առանցքային դարձնել», - ասաց Բորդյուժան: - «Քննարկվեցին հանրահավաքի հետ կապված զարգացումները: Ինձ տեղեկացրեցին ընդհանուր գծերով առկա միտումների մասին, բայց ամեն ինչ շատ հանգիստ ռեժիմում, եւ չեմ կարծում, որ արժե վիճակը շատ դրամատիկ երանգներով նկարագրել»:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազկամերպության գլխավոր քարտուղարը ավարտվող այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի, արտգործնախարարի, բոլոր ուժային կառույցների ղեկավարների՝ այդ թվում ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ոստիկանության պետի հետ: Այդուհաներձ, Բորդյուժայի պնդմամբ, քննարկումների գլխավոր թեման տարածաշրջանային խնդիրներն են եղել: Թե ինչ տարածաշրջանային քննարկումներ էր ինքը ծավալել Հայկ Հարությունյանի կամ Կառլոս Պետրոսյանի հետ, Բորդյուժան չհստակեցրեց:

Մեկնաբանելով օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ռուսաստանցի ազդեցիկ քաղաքագետներից մեկի՝ Սերգեյ Մարկովի պնդումը, թե հայ-ռուսական հարաբերությունները այսօր այնքան էլ սերտ չեն, իսկ Կրեմլում բավական սառը վերաբերմունք կա նախագահ Քոչարյանի նկատմամբ, Բուրդյուժան իր կտրական անհամաձայնությունը հայտնեց այդ եւ նման պնդումներին: «Ես նման բան չեմ զգացել», - հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, ապա այստեղ Բորդյուժայի հիմնական ասելիքը մեկն էր՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի Արեւելք Ռուսաստանը կտրականապես դեմ է:

«Ես կարծում եմ, որ նման զարգացումը անընդունելի է», - ասաց նա: - «Մենք խոսում ենք մարտահրավերներին համատեղ դիմակայելու մասին, ահաբեկչության վտանգի մասին, բայց դրան զուգահեռ, ցավոք, վերականգնվում են ռազմական ենթակառուցվածքները Ռուսաստանի շուրջ: Ինչ էլ խոսեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները ակնհայտ է՝ ռազմական ենթակառուցվածքները վերականգնվում են ողջ հետխորհրդային տարածքի շուրջ: Այնպես որ՝ կարող եմ ասել, որ բացասաբար եմ վերաբերում ՆԱՏՕ-ի թե' շարժական, թե' ստացիոնար կառույցների ստեղծմանը Կովկասյան տարածաշրջանում»:

Ռուսաստանը կարծես թե չի շտապում կատարել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի որոշումը՝ Վրաստանից ռուսաստանյան բազաների դուրս բերելու մասին:

«Ես հույս ունեմ, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարություն չի կրկնի այն սխալները, որ կատարվեցին Գերմանիայից ռուսական զորքերի դուրսբերման ժամանակ», - հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան:

Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում հերթական հավաքը կկայանա հունիսին, երբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կհրավիրվի կազմակերպության խորհրդի հերթական նիստը: Պաշտոնապես Բորդյուժան Հայաստան էր եկել հենց այդ նիստի հետ կապված խնդիրները քննարկելու համար:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG