Մատչելիության հղումներ

Թեեւ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը Ազատության հրապարակում այսօր արտոնված չէր մայրաքաղաքի իշխանությունների կողմից, այն սկսվեց առանց միջադեպերի: Հանրահավաքի ընթացքը ընդհանուր առմամբ լարված էր եւ հավաքվածները վճռական էին տրամադրված, սակայն ընդհանուր մթնոլորտը բավականաչափ կազմակերպված ու հանդարտ էր: Ավարտին ցուցարարները քվեարկությամբ որոշեցին Երեւանի փողոցներով երթի փոխարեն անժամկետ նստացույց անել Ազատության հրապարակում՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

Ընդդիմության առաջնորդներին հավաքվածները դիմավորեցին բուռն ծափահարություններով, «Ո'չ չընտրված նախագահին», «Երիդտասարդությունը ձեզ հետ է», «Ոստիկաննե'ր, մենք եղբայրներ ենք, մի հողից, մի ջրից ենք», «Ձեր ձվերը ձեզ, ազատությունը՝ մեզ» կարգախոսերով:

«Այսօր որոշվում է մեր երկրի ապագան», - ասաց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: - «Յուրաքանչյուրիս կամքից, յուրաքանչյուրիս քաղաքացիական դիրքորոշումից է կախված մեր երկրի ապագան»:

Հանրահավաքի իր ելույթում «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, հայտարարելով, որ առաջիկա եռօրյայի օրակարգի նախագիծ չի մտել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող օրինագիծը ասաց. - «Սա ոչ թե վերջնագիր է, այլ առաջարկություն... Այդ ժամկետը լրանում է ապրիլի 12-ին ժամը 12-ին: Այսինքն՝ կոալիցիան պարտավոր է կատարել Սահմանադրական դատարանի որոշումը [Քոչարյանի վստահության հանրաքվե անցկացնելու մասին]»:

Իշխող կոալիցիան այսօր տարածած հայտարարությամբ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների առաջարկությունը կապված վստահության հանրաքվեի անցկացման հետ «չի համապատասխանում Սահմանադրությանը եւ օրենքներին»: «Միեւնույն ժամանակ, կոալիցիան իր պատրաստակամությունն է հայտնում քննարկելու կլոր սեղանի շուրջ ներքաղաքական իրավիճակին առնչվող ցանկացած խնդիր, այդ թվում առաջ քաշված առաջարկության օրինականության հարցը», - ասված է հայտարարության մեջ, ինչը, անշուշտ, դիրքորոշման մեղմացում կարելի է որակել:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ ինքը ժողովրդի հետ մինչեւ վերջ մնալու է նստացույցի, ինչը հավաքվածները ընդունեցին բուռն ծափահարություններով:

«Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սովոր էին միայն եւ միայն ռազմաճակատում գործելու, եւ այդ սովորությունը դարձավ իրենց համար դժբախտություն, իսկ մի ամբողջ ազգի համար ողբերգություն», - հանրահավաքի իր ելույթում ասաց «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը: - «Իրենք են ատելություն տարածում, իրենք են ատելություն սերմանում»:

Ընդդիմության առաջնորդների գնահատմամբ, հանրահավաքին (կամ ինչպես իրենք են անվանում՝ պատգամավորների հանդիպումը ընտրողների հետ) մասնակցում էր ավելի քան 60 հազար մարդ: Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Հովհաննես Վարյանի գնահատմամբ, Ազատության հրապարակը ընդհանրապես տեղավորում է 10 հազար, իսկ այսօր, իր դիտարկմամբ, հավաքվել էր շուրջ 6 հազար մարդ:

Գեներալ Վարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ հրապարակում կարգուկանոնին հետեւելու համար բերվել է ընդամենը 70 ոստիկան: «Ես էլ հետը՝ 70 ոստիկան կա համազգեստով», - ասաց նա՝ ավելացնելով որ կան նաեւ ոչ մեծ թվով քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատակիցներ:

Ընդունելով, որ իրավիճակը բավականաչափ լարված է, Վարյանը ասաց, որ ցուցարարները կարող են հրապարակում խոսել որքան ուզում են, բայց որեւէ երթ իրավապահները թույլ չեն տա՝ առանց մանրամասնելու, թե ինչ մեթոդներով:

Նա պնդեց, որ իրավապահները մարզերը Երեւանին կապող մայուղիները չեն փակել. ովքեր կամեցել են, կարողացել են գալ: Իրավապահները նաեւ, Վարյանի խոսքերով, չեն խոչընդոտում հանրահավաքի անցկացմանը, այլապես «12 րոպեում կարող էինք հավաքվածներին ցրել»:

Ցուցարարները, սակայն, պնդում էին, թե բոլոր մարզերից եկող ճանապարհները փակ են: Այդուհանդերձ, մարզերի բնակիչներից շատերը կարողացել էին հասնել Երեւան: Ղուկասյանից եկած մի տղամարդ ասաց, որ իրենք, իմանալով, որ այսօր Երեւան հասնելը դժվար է լինելու, եկել էին դեռ երեկ:

«Րոպե-րոպե սպասում ենք, թե մեր երկրում արեւ պիտի ծագի՞, թե՞ չէ», - «Ազատություն» ռադոիկայանին ասաց ցուցարարներից միջին տարիքի մի կին: - «Որ աղբանոցներից սնվողները պիտի փրկվե՞ն, թե՞ չէ: 50 տարվա ստաժ ունեցող թոշակառուները հացի հետ պանիր պիտի ուտե՞ն, թե՞ չէ»:

Հավաքվածներն արդեն գիտեին, որ կամ Երեւանի փողոցներով երթի կոչ է լինելու, կամ կոչ է լինելու մնալ Ազատության հրապարակում: Շատերը պատրաստ էին թե' մեկին, թե' մյուսին:

«Մնալու եմ մինչեւ վերջին պահը՝ մինչեւ Քոչարյանի կլանը չհեռանա», - ասաց մի կին: - «Ե'վ գնալու եմ երթի, ե'ւ մնալու եմ նստացույցի, ե'ւ նստելու եմ հացադուլի: Անելու եմ ամեն բան, ինչ անհրաժեշտ է Քոչարյանի հեռանալու համար»:

Մի տարեց մարդ հավելեց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը թասիբով տղա էր՝ թողեց-հեռացավ: Նույնն էլ առաջարկում ենք մենք պարոն Քոչարյանին՝ նամուս ունեցիր, տղամարդ եղիր՝ հեռացիր»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրահավաքի մասնակիցներից որոշ մարդիկ, այդուհանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանություն:

«Հանրահավաքից հետո քաղաքացիական հագուստով անձանց կողմից առեւանգվում են հանրահավաքի մասնակիցները` հատկապես ցուցապաստառներ պարզած անձինք եւ տարվում ոստիկանության բաժիններ», - ասված է «Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության մեջ: - «Բերման է ենթարկված բարձրախոսներ տեղափոխող ավտոմեքենան եւ դրա վարորդը»:

Իսկ Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժնի պետ Հովիկ Թամամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հանրահավաքի մասնակիցներից մի քանի մարդ տարվել են ոստիկանության բաժանմունք եւ դատարանի որոշմամբ դատապարտվել են տարբեր ժամկետներով վարչական կալանքի:


Շաքե Ավոյան, Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG