Մատչելիության հղումներ

Միավորված ընդդիմությունը հանդես է գալիս համատեղ հայտարարությամբ


Ազգային Ժողովում հինգշաբթի օրը հրավիրված ասուլիսում, որին ներկա էին ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորները, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Ալբերտ Բազեյանը հրապարակեց ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը:

«Ո'չ բռնությունները, ո'չ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կամակատարների բացահայտ սպառնալիքները այլեւս չեն կարող կանխել Հայաստանում օրինական իշխանության ձեւավորմանն ուղղված ժողովրդական պայքարի ալիքը, որը նոր թափ է առնելու ապրիլի 9-ին Երեւանում կայանալիք հանրահավաքով: Իսկ բռնությունների եւ սադրիչ քայլերի հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ապօրինի հրահանգները կատարող անձանց վրա», - ասված է դրանում:

«Մենք հանդիպելու ենք Ազատության հրապարակում, որովհետեւ մենք դա նպատակահարմար ենք գտնում եւ նպատակահարմար է գտնում ժողովուրդը», - ի պատասխան Երեւանի իշխանությունների՝ հանդիպումը այդտեղ անցկացնելու աննպատակահարմարության պատճառաբանություններին, հայտարարեց «Արդարություն» դաշինքի առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը համոզված է, որ վերջին օրերի գործողություններով իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի շատ մարդ չհավաքվի:

«Թե մեզ համար, թե Ռոբերտ Քոչարյանի համար ակնհայտ է մի բան՝ եթե մեծաքանակ ժողովուրդ հավաքվեց, նա հրաժարական է տալու», - ասաց Արամ Սարգսյանը: - «Աննախադեպ ժողովուրդը շատ է հավաքվելու, եւ մենք հեշտ ու հանգիստ, առանց ցնցումների իշխանափոխություն ենք անցկացնելու... Եվ շատ ճիշտ կլինի երկրի ապագայի համար, եթե մեկ-երկու օրից հանրահավաքները սկսվելուց հետո [Ռոբերտ Քոչարյանը] տա իր հրաժարականը»:

Ստեփան Դեմիրճյանը ասուլիսում վերահաստատեց, որ ընդդիմությունը «հստակ գիտակցում է իր պատասխանատվությունը»: «Հենց պատասխանատվության գիտակցումն է մեր կողմից, որ զերծ է պահել երկիրը ցնցումներից», - ասաց նա:

Ձեւակերպելով միասնական ընդդիմության նպատակը, Ալբերտ Բազեյանը ասաց. - «Հեռացնել իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանին, ստեղծել ընտրության հնարավորություն եւ ազատ ու արդար ընտրություններով ձեւավորել օրինական իշխանություն»:

Անդրադառնալով կոալիցիայի կողմից այս օրերին հնչած առաջարկներին, Արամ Սարգսյանն ասաց. - «Ողջունում եմ թե' Դաշնակցություն խմբակցության, թե' «Օրինաց երկիր» խմբակցության եւ մասնավորապես Արթուր Բաղդասարյանի կողմից արվող առաջարկները: Դա ցուցադրում է , որ այդ կուսակցությունները մտահոգված են երկրի ապագայով»:

Սարգսյանը, այդուհանդերձ, ավելացրեց. - «Կոնկրետ որեւէ առաջարկություն չի եղել: Լավ կլինի իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ ճշտեն՝ իրավունք ունե՞ն առաջարկություն անելու, թե՞ ոչ, հետո նոր բանակցեն մեզ հետ»:

Ալբերտ Բազեյանի կարծիքով, այսօրվա պայմաններում, երբ տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ, ակնհայտ է, որ քաղաքական ուժերը շատ փոքր դերակատարություն ունեն քաղաքական որոշումների կայացման մեջ. - «Այդ որոշումները ընդունվում են այլ տեղերում»:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու, ստեղծված իրավիճակը հագուցալուծելու ուղիներ գտնելու նպատակով երեկվանից սկսված քաղաքական կոնսուլտացիաներին անդրադառնալով, Ստեփան Դեմիրճյանը ասաց, որ իրենք պատրաստ են հանդիպել. - «Բայց մեր տեսակետերը հստակ են՝ քննարկել, կոնսուլտացիաներ կազմակերպել հանրաքվեի հարցի շուրջ»:

Արթուր Բաղդասարյանը այսօր հանդիպել է «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ: «Ես վերահաստատեցի մեր մոտեցումը, այն է՝ կոնսուլտացիաները մենք պատրաստ ենք ունենալ՝ իշխանափոխությունը անցնցում, Սահմանադրության ոգուն եւ տառին համապատասպան իրականցնելու ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գեղամյանը:

Իշխանական կոալիցիայի կուսակցություններից Դաշնակցությունը այսօր «Մետրոպոլ» հյուրանոցում մտավորականության ներկայացուցիչների հետ քննարկում էր քաղաքական դաշտում երկխոսության հնարավորությունները:

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը իրավիճակը սրելու միտում է տեսնում նաեւ իշխանությունների գործողություններում: «Իշխանությունը ավելի խոհեմ պետք է գտնվեր, այլ ոչ թե բարձրացներ նետած ձեռնոցը», - ասաց Զոլյանը՝ շարունակելով. - «Այսօր Հայաստանում համատարած ձեւով խախտված է սահմանադրական կարգը, ... ինչը ենթադրում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ ո՞ր հանցագործն է արգելել Հայաստանի քաղաքացիներին ազատ երթեւեկել»:

Դաշնակցության ղեկավարներից Հրանտ Մարգարյանը քննարկումներում իր անհանգստությունը հայտնեց «Ղարաբաղյան կլան» արտահայտության կապակցությամբ: «Երբ ասեին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կլան, ես հանգիստ կլինեի», - ասաց Մարգարյանը:

Քննարկումներից տպավորություն ստեղծվեց, թե իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը իրեն կողմ չի համարում իշխանություն - ընդդիմություն հակադրության մեջ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը հստակեցրեց. - «Ոչ, այդպես չէ: Մենք մեզ կողմ համարում ենք: Մենք բազմիցս ասել ենք, որ նախագահին համարում ենք լեգիտիմ, նախագահի հրաժարականի հարցը մեզ համար քննարկման հարց չէ... Բայց դա հաստատելով՝ նաեւ ասում ենք, որ ընդդիմությունը մեր թշնամին չէ, ընդդիմությունը իրավունք ունի արտահայտելու իր կարծիքները, եւ այդ կարծիքները շատ հաճախ հիմնավորված են»:


Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG