Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթն այսօր նորից տպագրել է ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ իրենց թղթակցի վրա հարձակվածի լուսանկարը՝ արդեն կենսագրական տվյալներով ու նույնիսկ ավտոմեքենայի համարանիշով եւ ընդգծել է. - «Եթե այսքանից հետո էլ ոստիկանությունը չհայտնաբերի այդ անձնավորությանը, ուրեմն մեր իրավապահները փորձում են կոծկել հանցագործությունը։ Ավելին՝ հակված կլինենք ենթադրել, որ վաղը հենց իրենք էլ ուղարկելու են «սափրած գլուխներին» հանրահավաքի՝ անկարգություններ սադրելու նպատակով»:

«Լրագրությունը վաղուց համարվում է ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը: Սա, ցավոք, արդեն իրողություն է նաեւ Հայաստանում», - փաստագրում է այսօր «Ազգ» թերթը՝ «Լրագրողներն ամենախոցելին են» վերնագրի տակ կանխանշելով. - «Թե' իշխանությունները, թե' ընդդիմությունը կարող են մեզ հարվածել մեր պրոֆեսիոնալ պարտքը կատարելու պահին»:

«Ճակատագրի հեգնանքով Ռոբերտ Քոչարյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Եվրոպայի Խորհրդի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, եւ լրագրողների հետ կատարված «հակաեվրոպական» դեպքերի մասին այդ խորհրդակցության ժամանակ որեւէ ակնարկ իսկ չի եղել», - անդրադառնում է «Առավոտ»-ի մեկնաբանը՝ այս առումով նաեւ առանձնացնելով. - «Միջազգային դոնոր կազմակերպություններն այսօր արդեն բոլոր հիմքերն ունեն կասկածելու, որ ՀՀ իշխանությունները կառուցվածքային բարեփոխումների անվան տակ ստացված վարկերով ձվի մեծածախ գնումներ են անում՝ մի մասով իրենց միտինգակործան ղասաբներին սնելու, մյուս մասով հանրահավաքները ձվակոծելու համար»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր կրկին մեղադրանք է ներկայացվում, թե Հայաստանում ձեւավորվել է սեփական երկրի ու ժողովրդի վրա «գործ տվող» քաղաքական գործիչների խումբ, որ հակաիշխանական կարգախոսերով քողարկում է իրական նպատակները, այն է՝ արտաքին ուժերի միջոցով հասել իշխանության՝ որպես խթան օգտագործելով դյուրահավատ մարդկանց զգացմունքներն ու սոցիալական խնդիրները: «Հանուն այդ նպատակների՝ այսօրվա ընդդիմություն կոչվելու հավակնող քաղաքական ուժերի ընտրանին ամեն ինչ անում է՝ արտերկրում սեւացնելու իր երկիրը», - պախարակում է մեկնաբանը՝ հակակշռելով մասնավորապես, թե եթե մեկը, օրինակ, Լոնդոնում ոտնահարի կամ անարգի պետության խորհրդանիշերը կամ անկարգություններ հրահրի փողոցում՝ հանրահավաքի անվան տակ, չի կարող խուսափել օրենքի ուժգին հարվածից ու ծպտուն էլ չի հանի, թե ինձ բռնել են»:

«Եվրոպայից նոր վերադարձած ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ հնչեցրել է այնպիսի գնահատականներ, որոնք որակապես տարբերվում են իշխանության մյուս ներկայացուցիչների տված գնահատականներից», - շեշտադրում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Իհարկե, հիմա արդեն հնչում են կարծիքներ, որ Արթուր Բաղդասարյանը ընդամենը ուզում է տարանջատվել գործող իշխանություններից՝ իր հետագա քաղաքական կարիերան դասավորելու համար: Բայց քաղաքական գործչին հետագա քաղաքական կարիերայի մասին մտածելու համար մեղադրելը պարզապես անհեթեթ է, եւ քաղաքական յուրաքանչյուր գործիչ, բնականաբար, պետք է մտածի իր վաղվա օրվա մասին: Իսկ տվյալ դեպքում շատ լավ է, որ ԱԺ նախագահը իր ապագան չի կապում փողոցում լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնող հաստագլուխների հետ»:

«Պառակտման ուրվականը» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ում տրվում է նաեւ, թե ընդդիմության հետ հաշտության եզրեր գտնելուն միտված Դաշնակցության հայտարարությունից հետո նախագահ Քոչարյանը, որի հետ համաձայնեցված են եղել Դաշնակցության հայտարարության ընդհանուր շեշտադրումները, ՀՅԴ ղեկավարների վրա բարկացել է «ինքնագործունեություն դրսեւորելու եւ ընդդիմությանը նաեւ Անվտանգության խորհուրդ հրավիրելու համար»:

Մատուցելով հայաստանյան դիմակայության սոցիալական պատկերը՝ «Հայոց աշխարհ» թերթի տեսաբանն այսօր ընդգծում է. - «Դժգոհությունն ու սոցիալական բեւեռացումը իսկապես ստեղծել են լուրջ նախադրյալներ քաղաքական դիմակայության համար: Բայց նման դիմակայությունը հղի է ոչ թե իշխանափոխության, այլ բախումների, բունտի, փոխադարձ թշնամության, երկրի պառակտման վտանգավոր հետեւանքներով՝ «եթե չգտնվեն այնպիսի քաղաքական լուծումներ, որոնք ոչ թե արհեստականորեն հրահրեն նման խոր ճեղքվածքի վրա հիմնված անհանդուրժողականություն, այլ համախմբելով սոցիալական առանձին շերտերին՝ բալանսավորեն նրանց տարաբնույթ շահերը»:

«Մենք հեռու ենք մտքից՝ կոչ անել ընդդիմության ընտրազանգվածին վաղը հրապարակ դուրս չգալ», - գրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Եթե դուք գիտեք, թե հանուն ինչի եք անում այդ քայլը, իրոք համոզված եք, որ ձեր գործողությունները շահեկան են երկրին, ապա վաղը պիտի լինեք Թատերական հրապարակում: Բայց կոչ ենք անում մեկ անգամ էլ մտածել՝ արդյո՞ք ամեն ինչ է հաշվարկված եւ դառը հիասթափություն չի լինի»: Վերջին անգամ մտածելու հորդորը մեկնաբանն ուղղում է նաեւ իշխանությանը՝ նրան էլ, սակայն, նպատակ չունենալով կոչ անել հրաժարվել օրինականությունը պահպանելու վճռականությունից: Միաժամանակ, կոչ է շեշտադրվում՝ հրաժարվել նրանց հանդեպ ատելությունից, ովքեր ուրիշ կերպ են մտածում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG