Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Պայքարը պետք է տեղի ունենա քաղաքական դաշտում»


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Հայաստանում սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ամենատարբեր քաղաքական ուժերի, երկրի նախագահի հետ՝ «իրավիճակից լուծումներ գտնելու եւ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար»:

«Պայքարը պետք է տեղի ունենա ոչ թե քրեական դաշտում, այլ քաղաքական դաշտում», - Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում հայտարարեց խորհրդարանի եւ իշխող կոալիցիայից «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: - «Մենք քրեական դաշտում պայքարելու ցանկություն չունենք: Քրեական դաշտում պետք է պայքարեն իրավապահ մարմինները»:

Բաղդասարյանի ասուլիսից քիչ առաջ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավորներից Արշակ Սադոյանը հանդես էր եկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունը առաջիկա եռօրյայի օրակարգ մտցնելուն առնչվող հայտարարությամբ: Քանի որ խորհրդարանի ղեկավարությունը օրակարգի նախագիծը հաստատելու է ապրիլի 9-ին, երբ ընդդիմությունը ծրագրում է անցկացնել մեծ հանրահավաք Երեւանում, Սադոյանը ասաց. - «Դիմում եմ՝ ուղղակի խնդրելով, որ ամսի 9-ին ժամը 4-ին գոնե տեղյակ պահվի՝ ինչ է լինելու հանրաքվեի հետ կապված հարցը»:

Արթուր Բաղդասարյանը այս կապակցությամբ ասաց, թե կողմնակից է ոչ թե վերջնագրերի, այլ փոխզիջումների լեզվին՝ չբացառելով, այդուհանդերձ, որ քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում դա էլ քննարկվի:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների հնարավոր ձերբակալություններին, Ազգային Ժողովի նախագահն ասաց, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ իրեն ուղարկված գրության մեջ այդ մասին խոսք չկա: «Բացասաբար եմ վերաբերում ցանկացած հողի վրա կատարված ցանկացած ձերբակալության», - ավելացրեց Բաղդասարյանը: - «Քրեական բնույթի հանցագործությունները պետք է պատժվեն քրեական օրենքի ողջ խստությամբ: Քաղաքական բնույթի գործողությունների քրեական հետապնդումը Հայաստանին տանում է դեպի կործանում»:

«Քաղաքական գործունեության համար քրեական պատժի ենթարկելը ես համարում եմ անընդունելի իրողություն», - շարունակեց ԱԺ նախագահը՝ դիտարկմանն էլ, թե խոհրդարանն է ընդունել Քրեական օրենսգիրքը, պատասխանելով. - «Ճիշտ է: Մենք ենք ընդունել Քրեական օրենսգիրքը եւ մենք էլ պիտի նաեւ հետեւողական լինենք, որ Քրեական օրենսգիրքը ոչ թե ընտրանքային ձեւով կիրառում ունենա, այսինքն՝ կուժն ու կուլան թույլի գլխին ջարդվի, այլ օրենքը պետք է բոլորի համար հավասար լինի: Անօրինականությունը օրենքի անունից կատարելը դատապարտելի է»:

Արթուր Բաղդասարյանը դատապարտեց օրերս հանրահավաքի ժամանակ լրագրողների դեմ կատարված բռնությունները: «Հայաստանում դատապարտելը խոսքով մոդա չպետք է դառնա: Դատապարտելուն պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ, մեղավորներին պետք է ենթարկեն պատասխանատվության», - ասաց նա՝ խոստանալով «շատ հետեւողական լինել» այս հարցում:

Իսկ դիտարկմանն ի պատասխան, թե ընդդիմադիր Սուրեն Սուրենյանցը երկու ամսով արդեն կալանքի տակ է, իսկ լրագրողների վրա հարձակվածները՝ ազատության մեջ, խորհրդարանի խոսնակը հիշեցրեց, որ նման դեպքերում Ազգային Ժողովը միայն քաղաքական գնահատականներ կարող է տալ, եւ՝ որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ երկրի նախագահի վերահսկողության ներքո են:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG