Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նոր ներկայացուցիչ է նշանակելու ԵԱՀԿ Մինսկի խմբում


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինային փոխարինելու է Սթիվեն Մաննը:

Մաննը ծնվել է Փենսիլվանիայում, ավարտել է Օբերլինի համալսարանը, գերմանական գրականության, ինչպես նաեւ քաղաքական գիտությունների մագիստրոս է: Խոսում է նաեւ ռուսերեն: Շուրջ 28 տարի ծառայում է ԱՄՆ պետական դեպարտամենտում: Աշխատել է նախկին Խորհրդային միությունում, Միկրոնեզիայում, Մոնղոլիայում, Շրի Լանկայում: Միացյալ Նահանգների գործերի համատարմատարն է եղել Հայաստանում, երբ երկու երկրները դեռ նոր էին հաստատում պաշտոնական դիվանագիտական կապեր:

1998 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նրան վստահել էր Թուրքմենստանում դեսպանի պաշտոնը: Դրանից հետո Մաննը սկսել է զբաղվել էներգետիկ ծրագրերով՝ նշանակվելով Կասպյան ավազանի էներգետիկ դիվանագիտության հարցերով ավագ խորհրդական եւ իր գլխավոր խնդիրը դարձնելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրի իրականացումը:

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը եւ Շաh-Դենիզի գազատարը մենք անվանում ենք Արեւմուտք - Արեւելք էներգետիկ միջանցքի առանցքը», - 2002 թվականի հոկտեմբերին կայացած մի ճեպազրույցում ասել էր Մաննը:

Ադրբեջանում արդեն հայտարարում են, թե Սթիվեն Մաննի նշանակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդությամբ զբաղվող միջազգային մարմնի համանախագահ վկայում է, որ Վաշինգտոնում մտահոգված են են հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգով եւ ենթադրում են, որ Մաննի առջեւ կդրվի պատերազմի վերսկսումը գոնե մինչեւ 2005 թվականը կանխելու խնդիր (2005-ին պետք է շահագործման հանձնվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը):


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG