Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները վերսկսել են անցած տարվա գարնանը կիրառված ընդդիմադիրների աջակիցների զանգվածային ձերբակալությունների ու նրանց վարչական կալանքի ու տույժի ենթարկելու գործելակերպը:

Ապրիլի 4-ին ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու վերաբերյալ հրապարակային կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար»: Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի որոշմամբ Սուրենյանցը երկու ամսով վերցվել է կալանքի տակ:

«Հանրապետություն» կուսակցությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դատարանների որոշմամբ տարբեր ժամկետներով վարչական կալանքի են ենթարկվել կուսակցության եւս 20 ակտիվիստներ:

«Ազգային միաբանության» երեկվա հանդիպում-հանրահավաքից հետո ձերբակալվել են նաեւ այս կուսակցության մի շարք ակտիվիստներ եւ անցած գիշերն իսկ դատարանի վճռով դատապարտվել վարչական կալանքի:

«Շտապ կարգով գործերը ներկայացրել են դատարան եւ մեր կուսակցության 11 անդամների եւ համակիրների արդեն դատապարտել են 4-ից մինչեւ 7 օրով ազատազրկման», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը՝ ավելացնելով, թե նրանց ներկայացվել է հասարակական կարգը խանգարելու մեղադրանք:

Ձերբակալություններին այսօր անդրադարձել է նաեւ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ վերջին օրերին ընթացքում իրենց ակտիվիստներից 127 մարդ ձերբակալվել եւ վարչական կալանքների են ենթարկվել՝ եզրակացնելով, թե 37 թիվն այսօրվա համեմատ «ղալաթ է արել»:

«Էն ժամանակ տրոյկան էր որոշում, հիմա դվոյկան է որոշում՝ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան», - հայտարարեց նա՝ մեկնաբանելով. - «Նրանք միջնադար են ուզում նետած լինեն մի ամբողջ քաղաքակիրթ ազգ»:

Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ երեկվա հանդիպումից հետո ոստիկանություն են տարվել 48 մարդ, որոնցից 38-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության (այդ թվում՝ կալանքի):

Ոստիկանական ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ ոստիկանությունը երեկվա հանդիպման ժամանակ հասարակական կարգը պահպանելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկել է:

Այդուհանդերձ, փաստ է, որ մի քանի տասնյակ ոստիկանների՝ գեներալ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ այդպես էլ չհաջողվեց պատշաճ ձեւով պահպանել հասարակական կարգը. հանդիպման մասնակիցների վրա ձվեր նետվեցին, պայթուցիկներ ճայթեցին, մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողներն ու օպերատորները բռնությունների ենթարկվեցին: Ականատեսները, տեսագրված ժապավեններն ու լուսանկարները վկայում են, որ ոստիկանները անգամ չէին փորձել միջամտել:

Նազարյանի խոսքերով, ոստիկաններին հրահանգ էր տրվել միջամտել միայն ծայրահեղ դեպքերում, որպեսզի ժողովուրդն իրենց չմեղադրի:
Հանրահավաքի ժամանակ, նրա ներկայացմամբ, հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ վիճել են, եղել են ընդհարման դեպքեր:

«Ոստիկանության աշխատակիցներին տեղում բանավոր դիմել են լրատվության աշխատակիցներ՝ որ այդ վիճաբանությունների ժամանակ վնասվել են իրենց տեսախցիկները: Իմ կողմից տրվել է հանձնարարություն ոստիկանության Կենտրոնի բաժնին, որ փաստի առթիվ նախապատրաստել նյութեր՝ հանգամանքները եւ մասնակիցներին ճշտելու համար», - ասաց մայրաքաղաքի ոստիկանապետը:

Ներսես Նազարյանի խոսքերով, ոստիկանությունը շարունակելու է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Այսինքն՝ պրոֆիլակտիկ աշխատանքներ է կատարելու հանրահավաքների ակտիվ մասնակիցների հետ:

«Նման զանգվածային միջոցառումներից առաջ հնարավոր անցանկալի միջադեպերից խուսափելու համար ոստիկանության բաժիններ են հրավիրվում՝ պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնելու նպատակով առանձին քաղաքացիներ, որոնք մինչ այդ աչքի են ընկել այդպիսի միջոցառումների ժամանակ ագրեսիվ կեցվածքով», - ասաց նա՝ չբացառելով ժամանակավոր մեկուսացումները, ձերբակալությունները՝ եթե այդ անձինք չենթարկվեն ոստիկանների զգուշացումներին: - «Ինչպես երեկվա, այնպես էլ հետագայում անցկացվելիք զանգվածային միջոցառումների կարգազանց մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ: Մեր կողմից կձեռնարկվեն բոլոր խստագույն միջոցները՝ մայրաքաղաքում պատշաճ կարգը ապահովելու համար»:


Կարինե Քալանթարյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG