Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատժել ջարդարարներին


Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները խստորեն դատապարտում են երեկվա հանրահավաքում լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնությունները՝ պահանջելով երկրի իշխանություններից միջոցներ ձեռնարկել ջարդարարներին հայտնաբերելու ու պատժելու համար:

«Մենք դատապարտում ենք այդ արարքները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: - «Կարծում եմ, որ մեր համապատասխան իշխանությունները պետք է դա լուրջ քննարկման նյութ դարձնեն պետական, իրավական դաշտում»:

Նրա փոխանցմամբ, Ժուռնալիստների միությունը եւ Երեւանի մամուլի ակումբը պատրասվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Գեւորգյանի խոսքերով, սակայն, ցանկացած հայտարարություն թույլ կլինի, որովհետեւ «անհնարին է հաշտվել փաստի հետ, որ ժողովրդավարական զարգացումների ուղին բռնած երկրում կարող են տեղ գտնել նման բռնարարքներ»:

Մամուլի ազգային ակումբը, մինչդեռ, արդեն տարածել է երեկվա բռնությունը դատապարտող հայտարարություն՝ երկրի իշխանություններից պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ միայն պատժելու երեկվա ջարդարարաներին, այլեւ՝ բացառել նման դեպքերը հետագայում:

«Այս նողկալի քայլը ուղղված է խոսքի ազատության դեմ եւ հետապնդում է մեկ նպատակ՝ խոչընդոտել անաչառ լրատվությանը, թույլ չտալ հայ հասարակությանը գիտենալու, թե ովքեր, ինչ են անում Հայաստանում եւ աղավաղված հայելու մեջ արտացոլել իրականությունը», - ասված է Մամուլի ազգային ակումբի հայտարարությունում:

Հետաքննող լրագրողների ընկերակցությունը, իր հերթին, դատապարտելով բռնարարքները, պահանջում է շուտափույթ պատժել մեղավորներին, փոխհատուցել լրատվամիջոցների կրած նյութական վնասը:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ իրավապահները չեն խոչընդոտել բռնարարքներ կատարողների գործողություններին: Որոշ լրագրողների վկայությամբ, նրանց մեջ եղել են նաեւ իրավապահ մարմիների աշխատակիցներ քաղաքացիական հագուստով, ինչը Հետաքննող լրագրողների ընկերակցությանը հիմք է տալիս ենթադրելու, որ երեկվա արարքի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների նկատմամբ բացահայտ բռնարարքներին, մասնագիտական գործունեությունը իրականացնելուն բռնությամբ խոչընդոտելուն ավելացրեց նաեւ «այդ իրադարձությունների ոչ օբյեկտիվ լուսաբանումը» մի շարք լրատվամիջոցների կողմից:

«Խոսքը հանրային հեռուստաընկերության եւ «Ար»-ի մասին է», - ճշտեց նա՝ ավելացնելով, թե վերջիններս հանդես են եկել ոչ թե մասնագիտական համերաշխության դիրքերից, այլ ստանձնել են իշխանությունների դատապաշտպանի դերը:

«Եթե լրատվամիջոցները ի վերջո չհասկանան, որ այն դեպքերում, երբ անմիջապես իրենց նկատմամբ են բռնություն գործադրում, իրենք չորոշեն լինել համերաշխ եւ չպաշտպանեն ընդհանուր շահերը, ապա խոսքի ազատության պրոբլեմները դեռ երկար ժամանակ կմնան արդիական Հայաստանի համար», - ասաց Նավասարդյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, երեկվա դեպքերը, ինչպես նաեւ Գյումրիում «Արդարություն» դաշինքի հանրահավաքի ժամանակ կատարվածը, վկայում են, որ «գործ ունենք տիպիկ ավտորիտար, ոստիկանական պետության հետ»:

«Կատարվում է պետական ահաբեկչություն ե'ւ ընդդիմության, ե'ւ ժողովրդի նկատմամբ», - ասաց Իշխանյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG