Մատչելիության հղումներ

logo-print

Ցրտահարվել են ծիրանի եւ դեղձի այգիները


Գարնան ջրհեղեղների եւ ուժեղ քամիների ավերածություններին հաջորդեց վերջին օրերի աննախադեպ ցրտահարությունը։ Գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:

Օդերեւութաբանները վկայում են, որ Հայաստանում վերջին 100 տարվա ընթացքում ապրիլի սկզբին նման ցուրտ եղանակ չի գրանցվել։ Անցյալ կիրակի Արարատյան հովտում գիշերը ջերմաստիճանն իջավ մինչեւ -13, իսկ լեռնային եւ նախալեռնային գոտում՝ մինչեւ -23 աստիճան։

Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի փոխանցմամբ, երբ մարտի 30-ին եւ 31-ին հանրապետությունում զրոյին մոտ ջերմաստիճան գրանցվեց, իրենք հողօգտագործողներին զգուշացրեցին հնարավոր ցրտահարության վտանգի մասին, մի շարք մասնագիտական խորհուրդներով փորձեցին մեղմել հնարավոր կորուստները։ Սակայն, ջերմաստիճանի հետագա անկումն այնքան խորն էր, որ ոչ մի մասնագետի խորհուրդ ի վիճակի չէր փրկել բերքը: Իսկ ակնկալիքները այս տարի, ըստ վարչության պետի, բոլորովին այլ էին:

«Եթե ցրտահարություն տեղի չունենար, այս տարի, մեր մասնագետների գնահատմամբ, առնվազն 40 հազար տոննա միայն ծիրանի բերք կունենայինք», - ասաց նա:

Անցյալ տարվա գարնանը նման կանխատեսումներ չէին արվում, քանի որ ցրտահարությունը տեղի էր ունեցել վաղ ձմռանը։ Այն ժամանակ հատկապես տուժեցին խաղողի այգիները։ Պետրոսյանը հնարավոր է համարում, որ այս վերջին ցրտահարությունն էլ վնասներ պատճառած լինի խաղողի վազին, սակայն՝ շատ ավելի քիչ չափով, քան ծիրանի դեպքում։ Այս տարի մասնագետները խաղողի առատ բերք են կանխատեսում՝ մոտ 160 հազար տոննա։

Միեւնույն ժամանակ, միջազգային դոնորների օժանդակությամբ շարունակվում են անցյալ տարվա ցրտահարության հետեւանքների վերացման ծրագրերը: Մասնավորապես, Համաշխահային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 370 հեկտար խաղողի այգիների վերականգնում: Շուրջ 1100 հեկտար պտղատու այգիների հիմնման ծրագիրը եւս ընթացքի մեջ է:

Այնուամենայնիվ սոսկ դոնորների օժանդակությամբ հնարավոր չէ վերականգնել բոլոր կորուստները: Միայն անցյալ տարվա ցրտահարությունը գյուղացիներին պատճառել էր մինչեւ 15 միլիարդ դրամի վնաս:

Բնական աղետների հարուցած կորուստները նվազեցնելու հիմնական ճանապարհը գյուղնախարարության պաշտոնյաները տեսնում են ապահովագրական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Տակավին անհայտ են մնում, սակայն, նման հիմնադրամների համար անհրաժեշտ միջոցների աղբյուրները։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG