Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը երկխոսության կոչ է անում արմատական ընդդիմությանը


Իշխանական կոալիցիայի կուսակցություններից Դաշնակցությունը երկուշաբթի օրը հրապարակած հայտարարությամբ ներքաղաքական սրվող դիմակայության կողմերին կոչ է արել փոխզիջումների ճանապարհով քաղաքական համաձայնության հասնել՝ հնարավոր առճակատումից խուսափելու նպատակով:

«Ներկա քաղաքական լարվածության հիմքում, մի կողմից, ընկած են ընդդիմության անհանդուրժողականության եւ ծայրահեղ կեցվածքը, գործող իշխանության լեգիտիմության ճանապարհով քաղաքական անհնազանդության տանող գործելակերպը, մյուս կողմից՝ երկրի զարգացման համար կարեւոր հիմնախնդիրների լուծման մեջ ընդդիմության լիարժեք դերակատարություն չապահովելը», - ասված է հայտարարություն մեջ, որը լրագրողներին ներկայացրեցին ՀՅԴ ղեկավար անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Մկրտչյանը:

Համաձայնության հնարավորությունը քննարկելու համար, ըստ հայտարարության, անհրաժեշտ է երկխություն՝ «հրաժարվելով այնպիսի պահանջների առաջադրումից, որոնք ի սկզբանե բացառելի եւ մերժելի են մյուս կողմի համար»: Ընդդիմությունը, ինչպես ասաց Արմեն Ռուստամյանը, պետք է հրաժարվի վստահության հանրաքվե անցկացնելու պահանջից:

Իսկ եթե ընդդիմությունը երկխոսության չնստի, հայտատարի քաղաքացիական անհնազանդության մասին, ապա «կդիտվի որպես հեղաշրջում իրականացող խմբավորում», եւ նման պարագայում իշխանությունները կգործեն իրենց վերպահված լիազորությունների շրջանակներում:

«Այսօրվա Սահմանադրությունը շատ մեծ լիազորություններ է տալիս իշխանություններին», - ասաց Ռուստամյանը: - «Այդ լիազորությունների լիարժեք օգտագործումը իսկապես շատ մեծ հնարավորություն է տալիս, որ վերջում այդ երկու հակամարտող կողմերի մեջ լինի հաղթող եւ պարտվող... Ամենայն հավանականությամբ, հաղթողը կլինեն իշխանությունները»:

Դաշնակցությունը ընդդիմությանը եւ իշխանությանը առաջարկում է համաձայնության գալ երկրի եւ ժողովրդի կյանքում «իրական եւ երաշխավրված փոփոխություններ ապահովելու շուրջ»՝ հաշվի առնելով, որ «առկա դժգոհության պատճառը երկրում պահպանվող սոցիալական ծանր վիճակն է»:

«Մենք ասում ենք ընդդիմությանը. եթե ձեր խնդիրը իրավիճակը բարեփոխելն է, իսկապես երկրում իրական փոփոխություններ իրականացնելն է, այլ ոչ թե աթոռակռիվը, ուրեմն եկեք այս տարբերակի շուրջ համաձայնվենք», - ասաց Ռուստամյանը՝ շարունակելով: - «Ընդունում ենք, որ, երեւի կար այնպիսի մի տրամաբանություն, որ ընդդիմությունը մի կողմ է մղվել այդ ամբողջ պրոցեսից»:

Դաշնակցությունն, ուստի, առաջարկում է «երկրում միջազգային չափանիշներին լիարժեքորեն համապատասխանող ընտրական համակարգ ձեւավորել, ժողովրդավարական մեխանիզմներ ապահովող սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, եւ լիարժեք պայքար ծավալել կոռուպցիայի , ստվերային տնտեսության եւ կլանային համակարգի դեմ՝ կարեւորելով այդ գործընթացում ընդդիմության մասնակցությունը:

Ամենաուշագրավը, թերեւս, այն է, որ Դաշնակցությունը առաջարկում է ընդդիմության ներկայացուցիչներին ներգրավվել նախագահին կից անվտանգության խորհրդում:

Խոսելով իշխանության կողմից հնարավոր զիջումների մասին, Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ ընդգծեց, ու Դաշնակցությունը հանուն երկրի կայունության պահպանման, պատրաստ է հրաժարվել գործադիրում ունեցած իր պորտֆելներից՝ օրինակ ծառայելով քաղաքական մյուս ուժերի համար:

«Դաշնակցությունը այդպիսի բաների՞ց է հրաժարվել մեր ազգի, պետության առաջ կանգնած գլխավոր, օրհասական խնդիրները լուծելու համար», - ասաց Ռուստամյանը: - «Մի քանի պորտֆելն ինչ է՞, որ եթե անհրաժեշտ է, չհրաժարվես: Դրան Դաշնակցությունը պատրաստ է, եւ ցանկացած քաղաքական ուժ պետք է այդ պատրաստակամությունն ունենա»:

Դաշնակցության այս առաջարկները, մինչդեռ, կոալիցիայի մյուս ուժերի հետ չեն քննարկվել: Եվ եթե վերջիններս մերժեն, ապա, Ռուստամյանի խոսքերով՝ «պետք է արդեն որպես քաղաքական ուժ պատասխան տան»:

«Կամ խնդրեմ, իրենք սրա փոխարեն ի՞նչ են առաջարկում: Եթե կլինի կառուցողական այլ առաջարկ, մենք էլի պատրաստ ենք միանալ դրան՝ միայն թե թիվ մեկ խնդիրը լուծվի՝ առճակատումը կանխվի», - ասաց Արմեն Ռուստամյանը:


Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG