Մատչելիության հղումներ

Այսօր կեսօրից հետո Երեւանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վագոնի 11 ուղեւորներից երկուսը տեղում մահացել են, մեկ այլ ուղեւոր մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, չորրորդը՝ հիվանդանոցում:

Գանգուղեղային եւ վերջույթային վնասվածք ստացած հինգ մարդ հիվանդանոցում է, երկու մարդ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Առանձնատան բնակիչները չեն տուժել: Երեւանի ճոպանուղու պատմության մեջ մահացու ելքով այսպիսի խոշոր միջադեպ չէր գրանցվել:

Վթարի արդյունքում մեքենավարի հսկողությանը չի ենթարկվել վերից վար ընթացքի մեջ գտնվող հանդիպակաց վագոնը, սակայն կանգ է առել՝ արգելակման զսպանակների շնորհիվ: Վագոնի երեք ուղեւորներից երկուսը տարբեր կարգի վնասվածքներ են ստացել:

Վթարի պատճառները ճշտվում են: Արտակարգ իրավիճակների օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Սերգեյ Մխիթարյանի ներկայացրած նախնական վարկածով, կամ վագոնը դուրս է եկել վերից իրեն պահող ռելսերից, կամ ճոպանն է կտրվել՝ մաշվածության հետեւանքով: Փաստի առիթով հարուցված է քրեական գործ, որը գտնվում է Երեւան քաղաքի դատախազության վարույթում:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Արա Մովսիսյանի փոխանցած տվյալներով, Երեւանի ճոպանուղին պատկանում է «Ճոպանուղի» ԲԲԸ֊-ին, , որն էլ պատասխանատվություն է կրում թե ուղեւորների անվտանգության, թե ճոպանուղու անսարքության համար:

«Տանից դուրս էի գալիս, տեսա, թե ինչպես վագոնը մեծ արագությամբ, թափով ընկավ մեր բակը: Գոռացի, վազեցի ու Շտապ օգնություն կանչեցի: Վագոնի մեջ տեսա մի երիտասարդ տղայի, մի կնոջ ու մի տարեց տղամարդու… Երեւի տարբեր կոտրվածներ էին ստացել, նրանց մի կերպ հաջողեցին հանել վագոնից, մյուսներին չտեսա: Ճիշտն ասած, տեսարանն այնքան սարսափելի էր , որ միանգամից հեռացա», -֊ «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ժենյա Գրիգորյանը: Տարեց կինն ասաց նաեւ, որ եթե բակի ծառը չլիներ, որը հարվածն իր վրա է վերցրել ու կոտրվել, վագոնն ուղիղ իրենց տան վրա էր ընկնելու:

Զոհվածների մեջ են 20 տարեկան Արկադի Նորսունյանը, 41 տարեկան Ալի Ագբար Զարեն՝ Իրանի քաղաքացի, մյուս երկուսի ինքնությունը դեռեւս պարզված չէ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG