Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը ներքաղաքական իրավիճակը քննարկում է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ


Մինչ ըննդիմության առաջնորդները բողոքում են Գլխավոր դատախազության երեկվա հայտարարության դեմ, որով հարուցված գործը ընդդիմադիրներին քրեորեն հետապնդելու հնարավորություն է տալիս, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի եւ Հայաստանում Լեհաստանի ժամանակավոր հավատարմատարի հետ» հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «ներքաղաքական իրավիճակին». - «Հանդիպման մասնակիցները... միակարծիք են եղել, որ առաջնային գերխնդիրը երկրում կայունության պահպանումն է, ինչը առաջընթացի եւ հաջող զարգացման հիմնական գրավականն է»:

Հաղորդագրությունը այլ մանրամասներ չի հաղորդում, եւ հստակ չէ, թե եղե՞լ է արդյոք անդրադարձ Գլխավոր դատախազության երեկվա հայտարարությանը, որ քրեական գործ է հարուցվել, որով հնավորություն է ստեղծվել քրեական մեղադրանքներ առաջադրել «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ՝ փերտվարից ի վեր երկրի տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում «չարտոնված հանրահավաքներ» անցկացնելու, «իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու» եւ «բռնությամբ պետական իշխանությունը զավթելու» կոչեն անելու համար: Այս մեղադրանքների համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Ձերբակալվածներ առայժմ չկան, որեւէ կոնկրետ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Ընդդիմության երկու ակտիվիստների, այդուհանդերձ, հրավիրել են ոստիկանություն՝ «զրույցի»:

«Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Սափեյանին ուղեկցել են Արագածոտնի մարզային դատախազություն, այնուհետեւ՝ Աշտարակի ոստիկանատուն: Մի քանի ժամ զրուցելուց հետո Սափեյանին ազատ են արձակել:

«Ազգային միաբանություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի համակարգող Արայիկ Չոփիկյանին կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների եւ Մաստարա գյուղի ընտրողների հանդիպումից հետո երկու անգամ հրավիրել էին ոստիկանություն, բայց Չոփիկյանը հրաժարվել էր գնալ: Այսօր, սակայն, Չոփիկյանի կնոջ խոսքերով, ոստիկանները իրենց տնից հեռացել են միայն մեկ պայմանով՝ որ Չոփիկյանը մինչեւ երեկո ներկայանա ոստիկանապետին:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի խոսքերով, դա արվել է այն նպատակով, որ մարդիկ վախենան գնալ պատգամավորների հետ հանդիպման: «Այս ամենը հերթական անգամ ապացուցում է, որ օդի եւ ջրի պես Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է իշխանափոխություն», - ասաց Գեղամյանը՝ ավելացնելով, որ ստեղծված մթնոլորտը էլ ավելի է շիկացնելու իրավիճակը:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների կատարած հայտարարությունների համար քրեական գործ հարուցելուն, ապա Գեղամյանի խոսքեորվ՝ «ավելի անհեթեթություն պատկերացնել դժվար է»:

«Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեցին իրենց հայտարարությունը դատախազության հարուցած քրեական գործի վերաբերյալ: «Դաշինքի դեմ ուղղված որոշումը վարչախմբի հերթական սադրանքն է», - ասված է հայտարարության մեջ: - «Դա աննախադեպ քաղաքական հետապնդման փորձ է»:

«Վարչախումբը ուղղակի կորցրել է սթափ մտածելու ունակությունը եւ անցել է բացահայտ ապօրինությունների, բռնությունների եւ սադրանքների, ինչով արագացնելու է իր իսկ վախճանը», - ասաց դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ դա բացարձակապես չի ազդելու ընդդիմության գործողությունների վրա: - «Ընդդիմությունը վճռական է եւ սկսած գործը հասցնելու է տրամաբանական ավարտին»:

Իշխանական կոալիցիայի կուսակցությունները ողջունել են Գլխավոր դատախազության հաղորդագրությունը: «Արդարություն» դաշինքի ղեկավարներից մեկը բազմիցս ամբիոնից հայտարարում է՝ կարգ ու կանոն», - ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը: - «Հիմա հաստատվում է կարգ ու կանոն, եւ թող չնեղանան»:

Այդքան կտրուկ չէր Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Գալուստ Սահակյանի գնահատականը:

«Այն, ինչ օրենքի շրջանակներում կարվի, որեւէ քաղաքական ուժ չի կարող միջամտել», - ասաց Գալուստ Սահակյանը: - «Ընդդիմադիրների հավաքներում խոսք է գնում քաղաքացիական անհնազանդության մասին, եւ այդ կոչերը, որ հակասահմանադրական են: Իշխանության եկած քաղաքական ուժերը այստեղ խնդիր ունեն վիճակը մեղմելու... Երբեք ցանկալի չէ ընդդիմության որեւէ գործչի նկատմամբ դատաիրավական գործընթացներ սկսել: Յուրաքանչյուր նման գործընթաց վտանգում է մեր կայունությունը»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG