Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի իշխանությունները «անընդունելի» են համարում հանրահավաքներում արվող հայտարարությունները


Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ներկայացնելով իր իննամսյա պաշտոնավարման ընթացքում առաջընթաց արձանագրած ցուցանիշները, հայտարարեց, որ «այնքան էլ վատ չի գնահատում» մայրաքաղաքի վիճակը: Զգացվում էր, սակայն, որ քաղաքապետը այլ ասելիք էլ ունի, եւ լրագրողներից մեկի՝ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցը Զախարյանին թույլ տվեց հնչեցնել դա:

«Ուզում եմ այդ հարցին պատասխանել եւ անդրադառնալ հիմնականում տնտեսական տեսանկյունից, այլ ոչ թե քաղաքական», - ասաց Զախարյանը՝ կրկնելով մինչ այդ արդեն ներկայացրած ցուցանիշերը, որոնք վկայում են տնտեսական աճի մասին:

«Թվերը բավականին խոսուն են, եւ կատարված աշխատանքները վերջին շրջանում, վերջին տարիներին բավականին ակնառու են», - շարունակեց քաղաքապետը: - «Այս ֆոնի վրա կատարվող դեպքերը եւ այն հայտարարությունները, որոնք արվում են ընդհանրապես հանրահավաքների ժամանակ, քաղաքային իշխանությունները անընդունելի են համարում»:

Երվանդ Զախարյանը ասաց, թե ընդդիմության նախաձեռնած շարժումն ու «հեղափոխական հայտարարությունները» կարող են ընդհանրապես կազմալուծել քաղաքի ողջ տնտեսությունը: Նա բառացիորեն հայատարարեց, որ ո'չ իր, ո'չ թաղապետերի համար միեւնույնը չէ, թե ինչ ընթացք կստանան այս հանրահավաքները, եւ առավել եւս՝ ինչով դրանք կավարտվեն:

Կարելի՞ է արդյոք այս ամենից ենթադրել, որ քաղաքապետարանը հակված չէ ընդդիմությանը հանրահավաքներ ու երթեր կազմակերպելու թույլտվություն տալ: «Ա1+»-ի եթերազրկման երկրորդ տարելիցին նվիրված վաղվա երթը չարտոնելը արդեն վկայում է, որ քաղաքային իշխանությունների կողմից որոշակի խոչընդոտներ հարուցվում են: Այս հարցին քաղաքապետը դրական պատասխան տվեց՝ պնդելով. - «Նպատակահարմար գտնենք՝ չենք արտոնի»:

«Եթե այդ հայտարարությունները եւ նման հանրահավաքները կշարունակվեն այդ տեմպերով եւ այդ հայտարարություններով, Երեւանի քաղաքապետարանը չի կարող արտոնել նման երթերի, հանրահավաքների անցկացումը», - ասաց նա:

Որպես հանրահավաքները, երթերը կամ ցույցերը արտոնել-չարտոնելու հիմք Զախարյանը մատնանշեց դեռ նախկին նախագահի՝ 1997 թվականին հրապարակված հրամանագիրը: Արդյո՞ք յոթ տարվա վաղեմության հրամանագրի դրույթները վկայակոչելով՝ զանգվածային ելույթների անցկացումն արգելելը չի հակասում երկրի Սահմանադրությանը: Առավել եւս՝ որ նախկին նախագահի այդ հրամանագրում խոսվում է առավելապես հանրահավաքների բնականոն ընթացքն ապահովելու, բայց ոչ արգելելու մասին:

«Միանգամայն ճիշտ է՝ Սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով թույլատրվում եւ արտոնվում են այն բոլոր հանրահավաքները, ժողովները, որոնք կատարվում են Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում», - ասաց նա՝ շարունակելով. - «Սահմանադրությունը եւ օրենքները չեն նախատեսում հանրահավաքների ժամանակ բռնի կերպով իշխանության բռնազավթում կամ իշխանափոխություն»:

Ներքաղաքական լարվածության ֆոնի վրա, սակայն, քաղաքապետարանը կարծես ավելի ու ավելի հաճախ է ստիպված լինելու անդրադառնալ հանրահավաքային թեմային: «Ազգային միաբանություն»-ը, օրինակ, արդեն դիմել է քաղաքապետարան ապրիլի 5-ին ընտրողների հետ հանդիպումն արտոնելու խնդրանքով՝ զուգահեռաբար քաղաքապետին հատուկ գրությամբ հրավիրելով միջոցառմանը: Քաղաքապետը առայժմ անպատասխան է թողել հրավերը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG