Մատչելիության հղումներ

Ապրիլի 1-ը պետք է վերանվանել «Ճիշտ խոսելու օր»


«Որովհետեւ հիմա սուտ ասում են ամբողջ տարվա մեջ ավելի շատ», - ասաց նա, եւ «Մաքսլիբերտի»-ն, ընդունելով առաջարկը, պարտավորվում է միայն ճիշտն ասել այսօր:

Եվ այսպես՝ Երեւանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը պատրաստում է ոչ միայն պատմաբաններ ու հնագետներ, այլեւ երգիծաբաններ. վկա՝ այդ ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Բաղդասարյանը:

Հումորի զգացումը, հակառակ տարածված կարծիքի, ոչ թե ի վերուստ է տրվում մարդուն, այլ ուսուցանվում է: «Դա ուսումնական պրոցեսում պետք է լինի», - համոզմունք հայտնեց պատմական ֆակուլտետի ուսումնական ծրագրերից «Հումորի զգացում» առարկայի բացակայության պատճառով դրան ինքնուս տիրապետած Սամվել Բաղդասարյանը: - «Այդ խնդիրը հիմա կրթության նախարար Սերգո Երիցյանին պետք է առավել հուզի, որ դպրոցներում եւ բուհերում տեղ հատկացնեն դրան, որովհետեւ հումորի փրկօղակ է մարդու կյանքի դժվար պահերին»:

Հայաստանյան հումորը երգիծաբանների ներկայացմամբ շատ ավելի փողոցային ու ժարգոնային է, ինչը, Սամվել Բաղդասարյանի կարծիքով, կյանքի արտացոլումն է, քանի որ այսօր «փողոցային մոտեցումը կա շատ հարցերում»:

Տասը տարի Հայաստանի քաղաքական գործիչներին նմանակող Բաղդասարյանը ակամա որոշ հատկանիշներ է փոխառել նրանցից. - «Ես սիրում եմ մեր քաղաքական գործիչներին, որովհետեւ իրենք նյութ են իմ երգիծանքի համար»:

Հարցին, թե երբեւէ ճնշման ենթարկվե՞լ է քաղաքական գործիչների կողմից իր նմանակումների համար, Սամվելը պատասխանեց. - «Ոչ: Իրենք նորմալ են վերաբերում: Իմ դեպքում, ես կասեի, մեր երկրում դեմոկրատիան կայացած է: Համերգներին գալիս են, նույնիսկ ծաղկեփնջեր են բերում: Եղել է»:

Նա հրաժարվեց անվանել ամենասիրելի կամ ամենադժվար նմանակելի քաղաքական գործիչներին. - «Երկու դեպքում էլ դա որպես քաղաքական գովազդ կհնչի: Ցանկացած կերպարի մեջ դու դնում ես նաեւ քոնը եւ այդ առումով այդ կերպարները հոգեհարազատ են ինձ»:

Բացի քաղաքական գործիչներից, Սամվելին հետաքրքրում են նաեւ անշունչ առարկաներ: Իր ելույթներում նա արդեն ներկայացրել է հին ասֆալտ, քվեաթերթիկ: Այս ուղղությամբ նոր ծրագրեր կան, որոնք Սամվելը առայժմ չկամեցավ բացահայտել:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG