Մատչելիության հղումներ

logo-print
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մարտի 30-ին քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով (Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր) եւ 318 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին վիրավորելը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով), ինչը կարող է էապես սրել ներքաղաքական լարվածությունը:

Նշված հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանաբար 2 եւ 3 տարվա ազատազրկումն է:

«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները եւ նրանց հարող անձինք, սկսած 2004 թվականի փետրվար ամսից, հանրապետության տարբեր մարզերում կազմակերպելով հիմնականում չարտոնված հանրահավաքներ, հրապարակայնորեն վիրավորելով իշխանության ներկայացուցիչներին, կոչ են արել բռնությամբ զավթել պետական իշխանությունը, փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը», - ասված է Գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ՝ նշելով նման կոչեր հնչեցնելու կոնկրետ վայրերը՝ Երեւանի Շենգավիթ, Ավան եւ Նոր Նորք, Աջափնյակ ու Դավթաշեն համայնքներ, Կոտայնքի, Արարատի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:

«Իսկ Գյումրի քաղաքում այն ուղեկցվել է հասարակական կարգի կոպիտ խախտումներով, զուգորդվել է այլախոհ քաղաքացիների բռնության գործադրմամբ, հասարակական կարգի պահպանության պարտականությունը իրականացնող անձանց (ոստիկաններին) դիմադրություն ցույց տալով եւ մարմնական վնասվածքներ պատճառելով», - նշում է հաղորդագրությունը:

Կոնկրետ անձանց անուններ նշված չեն, գործով ձերբակալվածներ առայժմ չկան: Քրեական գործը քննում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը: Լրատվության բաժնի պետ Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ներկայումս «ուսումնասիրվում են հավաքված փաստերը»:

Գյումրիի դեպքերի կապակցությամբ ձերբակալված 5 անձանցից երկուսին՝ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Կարեն Մարգարյանին (կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի վարորդը) եւ Տիգրան Տեր- Մարգարյանին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանը, արդեն առաջադրվել է մեղադրանք՝ խուլիգանության համար: Մյուս ձերբակալվածներին մեղադրանքը կառաջադրվի վաղը: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը 5 տարի ազատազրկումն է:

Վճռական գործողություններ սկսելու՝ ընդդիմության նշած ժամկետները (ապրիլի 5-13) մոտենալով, իշխանությունների կողմից որոշակի քայլեր ձեռնարկելը ակնկալելի էր:

«Եթե մեկը ուլտիմատումներով է խոսում իշխանությունների հետ, երբ բացեիբաց ասում են, որ լինելու է արյունահեղություն, կարծում եմ, որ իրավապահ մարմինները անելիք ունեն», - այսօր ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողներին ասել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանելով գլխավոր դատախազության հաղորդագրությունը, «Արդարություն» դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Երբեւիցե ընդդիմությունը բռնության կոչեր չի արել: Հակառակը՝ իշխանությունը բռնազավթվել է եւ հայտնի է, թե ում կողմից»:

Նրա խոսքերով, այն, որ մինչեւ հիմա Հայաստանում ցնցումներ տեղի չեն ունեցել, «բացառապես ընդդիմության ջարքերի շնորհիվ է եղել». - «Իրադարձությունները ցույց են տալիս, որ վարչախումբը արդեն կորցրել է սթափ մտածելու ունակությունը եւ անցել է բացահայտ սադրանքների, ապօրինությունների եւ բռնությունների: Դրանով միայն արագացնելու է իր իսկ վախճանը»:

Դեմիրճյանը ավելացրեց նաեւ, որ վստահության հանրաքվեն հրանավորություն էր տալիս հարցը լուծել քաղաքակիրթ ճանապարհով: «Սակայն, վարչախումբը արհամարհեց Սահմանադրական դատարանի որոշումը, եւ հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վարչախմբի վրա», - ասաց նա:

«Ես կարծում եմ, մի քիչ ավելի շատ պետք է իմանալ, քան մամուլի համար արված հաղորդագրությունն է, որպեսզի օբյեկտիվ լինեն գնահատականները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: - «Քանի դեռ չգիտեմ ինչ-որ մի բան, բնականաբար, դժվար է համարժեք որեւէ բան ասել»:


Կարինե Քալանթարյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG