Մատչելիության հղումներ

logo-print

Գեներալ Քոլլեր. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»


ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության պաշտպանական ծրագրավորման եւ քաղաքականության վարչության ղեկավար, գերենալ Ջեֆրի Քոլլերը հայաստանյան հանդիպումների ավարտին հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական շփման գծում բախումներ լինելու դեպքում Միացյալ Նահանգների կոնգրեսը պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: Սա Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումն է», - հայտարարեց Քոլլերը: - «Մինչեւ 2001-2002 թվականները մեր կառավարությունը թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառում: Դա իհարկե եվրոպական հրամանատարության գործը չէ, սակայն կարող եմ երաշխավորել, որ եթե հայ-ադրբեջանական շփման գծում բախումներ լինեն, ապա այդ պատժամիջոցները, կոնգրեսը նորից կկիրառի»:

Երեկ Երեւան ժամանակ ամերիկացի գեներալը հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ: Քննարկվել է հացերի բավական լայն շրջանակ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից մինչեւ Իրաքում իրականացվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը:

Հանդիպումների ընթացքում Ջեֆրի Քոլլերը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում տեղակայված հայ խաղաղապահների լավ ծառայության համար: Ամերիկացի գեներալը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների համար մեծ պատիվ է Հայաստանի հետ համատեղ ռազմական ծրագրեր իրականացնել:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի վաշինգտոնյան այցին հետեւած մեկնաբանություններին, թե Միացյալ Նահանգները կարող են շարժական ռազմական բազաներ տեղակայել Ադրբեջանում, Ջեֆրի Քոլլերը ասաց, թե Վաշինգտոնն առայժմ Ադրբեջանում ռազմակայան ունենալու ցանկություն չունի:

«Ես չգիտեմ, թե ինչ է քննարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, սակայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգներն այսօր մտածում են, թե որտեղ կարելի է տեղափոխել Եվրոպայում տեղակայված զորքերը: Բայց ռազմակայան կառուցելու կամ թեկուզ շարժական բազա ունենալու մտադրություն մենք չունենք», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գալիք աշնանը Ադրբեջանում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք –2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցությանը, Քոլլերը ասաց, թե Միացյալ Նահանգների զինվորականության դիրքորոշումը այս հարցում բավական հստակ է՝ Միացյալ Նահանգները կգերադասեն զորավարժությունների անցկացման վայրի հարցում փոփոխություններ չնախաձեռնել՝ փոխարենը ստիպելով Ադրբեջանին ընդունել զորավարժություններին մասնակցող հայ զինվորականներին:

Ադրբեջանի իշխանությունները, հիշեցնենք, անցած ամիս թույլ չէին տվել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը մասնակցել զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսին:

«Միացյալ Նահանգների կառավարությունը միանշանակորեն հայտարարել է, որ կողմ է Հայաստանի մասնակցությանը այս զորավարժություններին», - ասաց գեներալը: - «Պետք է հաշվի առնել մեկ կարեւոր հանգամանք՝ երբ ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է նման զորավարժությունների անցկացումը՝ դրանք բաց են ծրագրում ընդգրկված բոլոր երկրների համար»:

Քոլլերի խոսքից պարզ դարձավ նաեւ, որ շուտով հայկական կողմը կմասնակցի եւս մեկ խաղաղապահ գործողության՝ արդեն Իրաքում: Ամերիկացի գեներալը չհստակեցրեց, թե հայ զինվորականները երբ կմեկնեն Իրաք, սակայն ասաց, որ նրանք կլինեն բեռնատարների վարորդներ եւ ռազմական բժիշկներ:

Երեւանյան բանակցությունների ընթացքում, Ջեֆրի Քոլլերի փոխանցմամբ, խոսվել է նաեւ Հայաստանի՝ Իրաքի տնտեսական վերականգնման ծրագրին մասնակցելու մասին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG