Մատչելիության հղումներ

logo-print

Հայ օդաչուները ժխտում են ներգրավվածությունը Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձին


Հայաստանի արտգործնախարարությունը՝ այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է մարտի 7-ին Հասարակածային Գվինեայում կալանված հայ օդաչուներին ազատ արձակելու ուղղությամբ երկրի իշխանությունների ձեռնարկած վերջին քայլերի մասին:

Վեց հայ օդաչուները, ովքեր գերմանական ԿԱԼ ընկերության եւ «Դվին» կոնցեռնի միջեւ ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա 2004 թ. հունվարից գտնվել են Հասարակածային Գվինեայի Մալաբո մայրաքաղաքում՝ շահագործելով AN-12 հայաստանյան գրացում ունեցող ինքնաթիռը, ձերբակալվել էին պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեղադրանքով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հաղորդել է, որ մարտի 30-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանի քաղաքական հարցերով օգնական Տուլիամենի Կալոմոհի հետ, ով Հասարակածային Գվինեա էր այցելել Անանի հանձնարարությամբ՝ այդ երկրում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Մարտիրոսյանի հետ հանդիպման ընթացքում Կալոմոհը տեղեկացրել է մարտի 25-ին Մալաբոյում կալանված հայկական անձնակազմի հրամանատար Կարապետյանի հետ իր հանդիպման վերաբերյալ: Նրա խոսքերով, հայ օդաչուն ժխտում է իր անձնակազմի որեւէ ներգրավվածությունը Հասարակածային վինեայում հեղաշրջման փորձին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականը նշել է նաեւ, որ Հասարակածային Գվինեա իր այցի ընթացքում նա հորդորել է աֆրիկյան այդ երկրի ղեկավարությանը ձեռնպահ մնալ կալանվածների մարդու իրավունքերի ոտնահարման գործողություններից՝ ստանալով այս հարցում Հասարակածային Գվինեայի իշխանությունների համապատասխան հավաստիացումները:

Տեղեկացվում է նաեւ, որ Հասարակածային Գվինեայի բարձր ղեկավարության հետ հայ օդաչուների ազատ արձակման խնդիրները քննարկելու նպատակով արտգոծնախարությունը պատրաստվում է պատվիրակություն գործուղել այդ երկիր. - «Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես դիմել է Հասարակածային Գվինեայի արտգործնախարությանը եւ սպասում է պատասխանի»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG