Մատչելիության հղումներ

«Ընդդիմության գործողություններում առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ»


Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության հայտարարությունների եւ գործողությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցած նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը ընդդիմության որդեգրած կեցվածքը որակեց «չհիմնավորված ագրեսիվ»:

«Ընդդիմությունը որդեգրել է չհիմնավորված ագրեսիվ կեցվածք», - ասաց Աշոտ Քոչարյանը: - «Ընդդիմության գործողություններում առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Մասնավորապես հնչում են բռնությամբ իշխանափոխություն իրականացնելու կոչեր, արձանագրվում են իշխանության ներկայացուցիչներին վիրավորանք հասցնելու փաստեր: Ընդհանուր առմամբ, չարտոնագրված հանրահավաքները հղի են հասարակական կարգի դեմ ուղղված քրեորեն պատժելի գործողություններով»:

Ընդդիմության ղեկավարները, մինչդեռ, երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ դրեցին իշխանությունների վրա՝ ներկայացնելով նոր փաստարկներ:

Գյումրիի Թատերական հրապարակում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության անդամների հանդիպումը ընտրողների հետ (սա ընդդիմադիրների ձեւակերպումն է, իշխանության ներկայացուցիչները դա համարում են չարտոնված հանրահավաք) ավարտվեց ծեծկռտուքով եւ ընդդիմության 9 աջակիցների կալանմամբ: Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Շիրակի մարզային դատախազ Համլետ Հովսեփյանը, դեպքերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է: Կալանվածներից 4-ին դատարանի որոշմամբ ՝ տարբեր ժամկետներով ազատազրկում (մինչեւ 15 օր): Մյուս 5 անձինք ձերբակալվել են խուլիգանության փաստով հարուցված քրեական գործով: Իսկ ձվեր նետող կանանց, ովքեր ըստ էության դարձել են բախման պատճառ, Հովսեփյանի խոսքերով, «հարիր չէ կալանքի տակ պահել». նրանցից սոսկ կգանձվի վարչական տուգանք:

«Մեզ համար ակնհայտ էր, որ նախապատրաստվում է սադրանք ոստիկանության բաժնի պետի եւ նրա համախոհների կողմից», - ասուլիսում ասաց «Արդարություն» դաշինքի շտաբի պետ Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով, թե դաշինքն ունի նաեւ համապատասխան տեսանյութեր, որոնք վկայում են, որ ոստիկանները բացատրական աշխատանք են տարել հանդիպման մասնակիցների հետ:

«Մենք ունենք հստակ տեղեկություն եւ դա վկայել են բազմաթիվ գյումրեցիներ, որ պաստառները պատվիրել են Գյումրիի ոստիկանության աշխատակիցները», - ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը՝ ավելացնելով, թե դրանք հանրահավաքի ժամանակ բարձրացրած անձանց ստիպել դա անել՝ սպառնալով զրկել քաղաքապետարանի կողմից՝ ավելի վաղ տրված առեւտուր անելու իրավունքից:

Իսկ մարզային դատախազը եւ ոստիկանության որոշ աշխատակիցներ Ալբերտ Բազեյանի հետ զրույցի ժամանակ փորձել են հանդիպման ժամանակ տեղի ունեցածի մեղքը կոալիցիոն ուժերի վրա բարդել:

«Նրանք հայտարարեցին հետեւյալը. դուք ունեք ձեր գնահատականները իշխանության վերաբերյալ, կոալիցիոն ուժերը՝ իրենց գնահատականները, եւ նրանք են եկել ու մասնակցել այդ ապօրինություններին», - ասաց Բազեյանը՝ ավելացնելով. - «Այսօր եկել է ձվերը նետելու ժամանակը, կգա նաեւ ձվերը ջարդելու ժամանակը»:

Ասուլիսի բանախոսները ընդգծեցին, որ հնարավոր սադրանքներից չեն վախենում, քանի որ ժողովուրդը դրանց արժանի հակահարված կտա:

«Մինչեւ ամսի 5-6-ը մենք նաեւ կգտնենք ձեւը վերջնական օրվա հետ կապված», - ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով, որ ընդդիմությունը հանդես է գալու հայտարարությամբ ու հանրությանը կներկացնելու է իշխանափոխությունից հետո իրենց ծրագրերը եւ դրանց իրականացման ուղիները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG