Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահը


Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը երեքշաբթի օրը վաղ առավոտյան ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում: Թեեւ իրավապաշտպանի կյանքին, Աջափնյակի հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունքի բժիշկների հավաստմամբ, վտանգ չի սպառնում, օրվա վերջին անգամ նա դեռեւս ի վիճակի չէր ցուցմունքներ տալ իրավապահներին:

Առավոտյան Միքայել Դանիելյանին ընդունած բժշկի՝ Պետրոս Բաբայանի խոսքերով, Դանիելյանի վիճակը ծանր չէ, սակայն, իրենք, այդուհանդերձ, մերժել են իրավապաշտպանի ցանկությունը՝ դուրս գրել իրեն:

«Չենք կարող տուն ուղարկել, որովհետեւ դիագնոզը վերջնականապես ճշտված չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաբայանը:

Դանիելյանի կինը՝ Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ Դանիելյանի վրա հարձակվել են 4 անձ վաղ առավոտյան, երբ, ինչպես միշտ, Միքայելը շանը դուրս էր հանել զբոսանքի: Նրա խոսքերով, Կենտրոն համայնքի ոստիկանությունում իր հեռախոսազանգին ի պատասպան կախել են լսափողը, իսկ Արաբկիր համայնքի ոստիկանությունից եկել են ուշացումով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին, որ հիվանդանոցից ահազանգը ստացել են 8:45-ին, ոստիկանները գնացել են, բայց Դանելյանը ասել է, թե ի վիճակի չէ պարզաբանումներ տալ:

Աննա Հակոբյանի կարծիքով, իր ամուսնուն ծեծի ենթարկելու պատճառը նրա մասնագիտական գործունեությունն է, ինչի մասին ինքը պատրաստվում է նշել վաղը հրապարակելիք հայտարարության մեջ:

«Ըստ իս, սա իշխանությունների կողմից կազմակերպված է բան է», - ասաց նա: - «Իրավապաշտպանի, լրագրողի նկատմամբ հարձակումը նախատեսված է եղել: Պատրաստված մարդիկ են եղել, ովքեր գիտեին որ ժամին է ինքը գնում, որ ժամին է գալիս... Սա բացահայտ է», - ասաց Աննա Հակոբյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG