Մատչելիության հղումներ

logo-print
Ապրիլյան տոնացույցը «Մաքսլիբերտի»-ին ներկայացնելուց առաջ ազգագրագետ Գոհար Վարդումյանը հիշեցրեց, որ հայոց տոմարում ապրիլը կոչվել է Ահեկան: Որոշ ուսումնասիրողների կարծիքով, սա Հայկ նահապետի դուստրերից մեկի անունն է եղել: Կա նաեւ վարկած, որ Ահեկան անվանումը կապվում է «ահ» բառի հետ, որովհետեւ ապրիլին ձնհալ է լինում, եւ ահ կա, որ ձբհալից առաջացած հեղեղումները կարող են քշել-տանել: Այստեղից է հենց գալիս ժողովրդական զրույցը «պառվի ուլերի» մասին:

Ապրիլ ամիսը բացվում է երիտասարդների ու դեռահասների կողմից շատ սիրված տոնով՝ ապրիլի 1-ին նշվող «խաբելու օրով»: «Դա գալիս է եվրոպական միջնադարից», - բացատրում է Գոհար Վարդումյանը: - «Երբ Գրիգորիս Հռոմի պապը փոխեց տոմարը, որոշ մարդիկ դեռ չգիտեին, որ նոր տոմար է ընդունվել եւ շարունակում էին Նոր տարին նշել նախկինի նման՝ ապրիլի 1-ին: Նրանց սկսեցին կոչել «ապրիլյան հիմարներ», եւ այդտեղից գալիս է կատակելու, իրար խաբելու ու ծաղրելու ավանդույթը»:

Հաջորդ տոնը՝ Ծաղկազարդը վաղնջական ավանդույթներ ունի, քանի որ առնչվում է բնության պաշտամունքին: Վարդումյանի խոսքերով, այն նշում են ոչ միայն հայերը. քրիստոնյա մյուս ժողովուրդների մոտ դա ծառատունկի օր է. - «Սա այն օրն է, երբ եկեղեցում ուռենու ճյուղեր են բաժանում: Հնում մեր նախնիները այդ ճյուղերը պահել են ամբողջ տարին: Խորհուրդն այն է, որ այդ ճյուղը մշտաբողբոջ պիտի պահի ընտանիքը»:

Ծաղկազարդի գիշերը սովորաբար լուռ ու խաղաղ եկեղեցիներում ուրախություն եւ աղմուկ է տիրել: Ընդունված էր այս օրը կատարել նշանդրեքներ, երգել տարբեր խաղիկներ:

Ապրիլի հիմնական տանը Զատիկն է, որը 49-օրյա պասի ավարտն է: «Բարեկենդանի գիշերվա 12-ին մարդիկ ձվով բերանը կողպում են, իսկ Զատկին արդեն ձվով բերանը բացում են», - բացատրեց Վարդումյանը՝ նշելով, որ ձվեր ներկելու ավանդույթը խորհրդանշում է մեր շրջապատում արթնացող աշխարհի գունեղությունը:

Վարդումյանը հիշեցրեց գրեթե մոռացված հայկական ավանդությունը, ըստ որի Զատկվա օրը հեքիաթային Հազարան Բլբուլը Արարատի գագաթին ձու է ածում. - «Իր փետուրների նման բազմագույն ու բազմերանգ ձվեր է ածում, որոնք Մասիսի փեշերով իջնելով գալիս եւ տարածվում են՝ ե'ւ հողն են սնուցում, ե'ւ մարդկանց են գույներ բերում»:

Զատկվա խորհուրդը մատաղն է: «Մեր նախնիները ամբողջ գիշեր մատաղ եփելիս են եղել», - պարզաբանեց Գոհար Վարդումյանը: - «Այդ մատաղը կոչվել է «ախար» կամ «զատկվա քյուֆթա»՝ նայած թե որ գավառում ինչ են եփել: Եվ Զատկվա գիշերը ոչ ոք չէր քնում, որովհետեւ այն պատկերացումը կար, թե այդ գիշեր բախտ են բաժանում, ու քնած մարդը կկորցներ իր երջանկությունը»:


Արմինե Գեղամյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG