Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Մարդկանց իրար դեմ հանելու, արյուն թափելու եւ ողնաշար ջարդելու կոչերն ու սպառնալիքները արմատական իշխանափոխիչները մարտի 28-ին գրեթե ողջ ծրագրով իրագործեցին Գյումրիում», - ձեւակերպել է այսօր «Հայոց աշխարհ» թերթը: «Արդարության» արյունոտ «հյուրախաղերը» Գյումրիում» վերնագրի տակ այստեղ միանշանակ շեշտադրվում է ամեն ինչում ընդդիմադիրների մեղավորությունը, իսկ հասարակ գյումրեցիների հավաքական վերաբերմունք որպես, մասնավորապես, մեջբերվում է. - «Մենք գոհ ենք Քոչարյանի աշխատանքից... Թող Դեմիրճյանն ու բամբասանքչի Գեղամյանը իզուր մեյդան չընկնեն, թող հանգիստ թողնեն ապրենք»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի ընդգծումներով, ընդդիմությունը ցանկանում է «ժողովրդի ձեռքով կրակից ուտելիք հանել»: «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանություն»-ը ոչ թե իշխանությունը փոխելու, այլ ունեցվածքի բաժանման նպատակ են դրել իրենց առջեւ, նրանց առաջնորդներն էլ, միեւնույն է, իրար չեն զիջելու: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ» թերթում բերված է ընդդիմադիրներից Սմբատ Այվազյանի վստահեցումը, թե նույնիսկ Գյումրիի մակարդակի ընդհարումներ կազմակերպելու համար Քոչարյանի վարչակարգը շատ շուտով կատարողներ չի կարողանալու գտնել: Մի քանի օր հետո իշխանության ներսում տեղի է ունենալու հոգեբանական այնպիսի փոփոխություն, որը ստիպելու է պետական ապարատին՝ հնարավորինս տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից: Նույնը վերաբերում է իշխող կոալիցիային:

«Բարձրաստիճան իշխանավորներից շատերը գնալով ավելի ու ավելի դառնում են սեփական՝ ոչ մի հաշվարկով չհաստատվող իռացիոնալ երկյուղի զոհը», - նշում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Հենց դրանից է գալիս ե'ւ աբսուրդ արգելքների շարանը, ե'ւ զանգվածային ձերբակալությունների ծրագրերը, ե'ւ զանգվածներին վախեցնելու ու կաշառելու համար նախատեսված հսկայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրումը մեծահարուստներից, ե'ւ քարոզչամեքենայի կողմից 37 թվականին հարիր բանաձեւերի կիրառումը, ե'ւ հապճեպ ու զանգվածային կադրային տեղաշարժերը, որոնք ճամպրուկային տրամադրություններ են ստեղծում գրեթե ամբողջ վարչական ապարատում ու ամենեւին չեն նպաստում վարչամեքենայի արդյունավետ աշխատանքին»: Ըստ մեկնաբանի, իշխանության ջղաձիգ եւ ոչ տրամաբանական քայլերը կարող են հանգեցնել հենց տրամագծորեն հակառակ արդյունքի, այսինքն՝ բերել նրան, որ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» կողմից հայտարարվելիք «իքս» ժամին կհավաքվեն էապես ավելի մեծ զանգվածներ, քան ակնկալում է ինքը՝ ընդդիությունը, եւ այդ դեպքում նույն ընդդիմադիրները պարզապես հարկադրված կլինեն այդ նույն զանգվածին առաջնորդել կտրուկ քայլերի: «Ձվերը շպրտելու ժամանակին անպայման հետեւելու է ձվերը հավաքելու ժամանակը», - եզրափակված է «Իրավունք»-ում: - «Առավել եւս, որ Հայաստանում չկան ո'չ ներքին, ո'չ արտաքին ռեսուրսներ, որոնք թույլ կտան երկարատեւ դիկտատուրայի գոյությունը: Միեւնույն է, երկրի առջեւ ծառացած բազում խնդիրների գոյությունը, որ պահանջում են ոչ միայն իրավիճակային, այլեւ համակարգային արմատական լուծումներ, իրենց ավելի ու ավելի են զգացնել տալու»:

«Մեր բիզնեսը եւս մեկ անգամ ապացուցեց, թե ինչքանով է կախված իշխանությունից». այս բանգրի տակ է «Առավոտ» թերթը անդրադառնում մոտ 40 հայ գործարարների երեկվա հայտարարությունը: «Գործարարներին իշխանությունների կողմից թելադրված առաքելությունը սրանով չի ավարտվել», - նշվում է «Առավոտ»-ում: - «Վերջիններիս հրահանգվել է նաեւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանից դուրս չգալ: Բացի այդ, վստահելի մի քանի օլիգարխների թիկնազորին եւս առաջադրանք է իջեցվել մասնակցել ապրիլի 2-ին՝ «Ա1+»-ի, ինչպես նաեւ ընդդիմության նախաձեռնած հանրահավաքներին՝ իշխանության կողմից պատրաստվող սադրանքներին պրոֆեսիոնալ մակարդակով աջակցելու համար»: «Առավոտ»-ի տեղեկություններով, առաջիկայում սպասվում է նաեւ իշխանամետ մտավորականների «օսուժդամսը»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի ընկալմամբ՝ «երբ իշխանությունները հանրահավաքների ժամանակ խախտում են քաղաքացիների՝ Սահմանադրությամբ վերապահված ազատ տեղաշարժվելու իրավունքը, երբ ի հեճուկս Սահմանադրության՝ խաղաղ ցույցերի մասնակիցներին գիշերով, առանց փաստաբանների դատում են, գործարարների կոչը՝ սահմանադրական կարգ պահպանելու մասին, նախեւառաջ կարելի է դիտարկել որպես կոչ իշխանությունների դեմ... Համենայն դեպս, երեկվա հայտարարությունը գործող իշխանությանը գովեստող կամ ընդդիմությանը քննադատող որեւէ դրույթ չի պարունակում», - մատնանշվում է այստեղ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG