Մատչելիության հղումներ

Ռիչարդ Արմիթիջ. - «Քի Ուեսթում համաձայնություն ձեռք չէր բերվել, բայց մեծ առաջընթաց էր արձանագրվել»


Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, ով 2001 թվականի գարնանը քիուեսթյան բանակցությունների անմիջական մասնակիցներից է, ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց, որ բանակցություններում թեեւ համաձայնություն ձեռք չէր բերվել, սակայն գրանցվել էր մեծ առաջընթաց:

«Ես ինքս մասնակցել եմ այդ բանակցություններին եւ հիշում եմ, որ նախագահ Հեյդար Ալիեւը մեծ առաջընթաց էր կատարել, սակայն դժվարություններ էր ունեցել այդ որոշումները իր երկրում ներկայացնելու առումով», - մեկօրյա հայաստանյան այցի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արմիթիջը: - «Ես կասեի՝ համաձայնություն որպես այդպիսին տեղի չի ունեցել: Եղել է առաջընթաց, բայց ոչ համաձայնություն»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության քննադատությանը Ադրբեջանի նախագահի կողմից, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի՝ Պրահայի հանդիպումից հրաժարվելուն, Արմիթիջը ասաց, թե Միացյալ Նահանգները հպարտ է, որ հանդիսանում է Մինսկի խմբի համանախահաներից մեկը եւ հույս հայտնեց, որ երկու կողմերը շատ շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Պրահայի ձախողված հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը «անցյալ» համարեց՝ ասելով, թե հարկավոր է նայել ապագային:

Արմիթիջը չմեկնաբանեց Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե հայ-թուրքական սահմանի բացումը կխոչընդոտի ղարաբաղյան հարցի կարգավորմանը, սակայն նշեց, որ սահմանի բացումը մեծ օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին՝ ավելացնելով, որ իրենք այդպիսի քննարկումներ ունեցել են իրենց թուրք գործընկերների հետ:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերով, վերջերս Թուրքիան շատ զբաղված է եղել Հյուսիսային Իրաքի, Կիպրոսի հարցերով եւ հույս հայտնեց, թե այդ խնդիրների լուծումից հետո Թուրքիան հնարավորություն կունենա եւ կրկին կանդրադառան Հայաստանի հետ սահմանի բացման խնդրին:

Ռիչարդ Արմիթիջի փոխանցմամբ, հայաստանյան հանդիպումներում անդրադարձ է եղել նաեւ Միացյալ Նահանգների կողմից 2005 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հարցերին: Հայաստանում մտահոգություն է առաջացրել այն, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել է ռազմական ոլորտում Ադրբեջանին հատկացնել 8 միլիոն 750 հազար դոլար, իսկ Հայաստանին՝ միայն 2 միլիոն 750 հազար:

«Այո, մենք քննարկել ենք այդ հարցը, որը բարձրացվեց արտաքին գործերի նախարարի կողմից», - ասաց Արմիթիջը: - «Քննարկել ենք շատ բաց եւ ազնիվ: Բանն այն է, որ Ադրբեջանը ռազմական միավորներ ունի Իրաքում, մասնակցում է Իրաքում եւ Աֆղանստանում խաղաղության պահպանմանը, ինչը բավականին ծանր է Ադրբեջանի համար»:

Նրա մեկնաբանությամբ, ռազմական ոլորտի օգնության այս «ժամանակավոր անհավասարակշռությունը» նպատակ ունի թեթեւացնել Ադրբեջանի այդ բեռը:

«Ադրբեջանը նաեւ վառելիք է տրամադրում ամերիկյան օդանավերին, որոնք թռչում են դեպի Իրաք: Սյս օգնության մեջ դա նույնպես արտացոլված է» - ավելացրեց Արմիթիջը:

Լրագրողների հարցերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանեց Հայաստանի նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո: Արմիթիջը իր գոհունակությունը հայտնեց ինչպես նախագահ Քոչարյանի, այնպես էլ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ իր հանդիպումների արդյունքներից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ առանձին հարցազրույցում Ռիչարդ Արմիթիջը շատ բարձր գնահատեց հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս մակարդակը՝ նշելով, որ «Հայաստանը կարեւոր է Միացյալ Նահանգների համար», եւ իր այցի նպատակներից է նաեւ «հայ-ամերիկյան քաղաքական երկխոսությունը աշխուժացնելը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG