Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը սենսացիոն է որակել Արտաշես Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի՝ երեկ ստորագրած համաձայնագիրը՝ դեպի իշխանափոխություն համատեղ քայլերի վերաբերյալ: «Դեռ երեկ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները հայտարարում էին, որ չեն պատրաստվում միանալ «Արդարություն» դաշինքի նախաձեռնած բողոքի ակցիաներին», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: Մեկնաբանելով սա՝ Արտաշես Գեղամյանն ասել է, որ իրենց այդ հայտարարություններն ընդամենը նպատակ ունեին իշխանություններին թյուրիմացության մեջ գցելու եւ ապահովելու «Ազգային միաբանություն» - «Արդարություն» բանակցությունների անխափան ընթացքը:

«Ընդդիմության արարատյան թեւը փորձում է անձնական վրեժ լուծել», - ձեւակերպում է «Ազգ» թերթը: - «Հայաստանի նախկին իշխանությունները խաղագումար են դրել Արամ Սարգսյանի վրա՝ հաշվի առնելով վերջինիս ընտանեկան դժբախտությունը»: «Ազգ»-ի տեղեկություններով, իշխանությունները վճռական են եւ պատրաստ են ուժային եղանակով խեղդելու ընդդիմությանը. - «Ու չնայած ընդդիմության հասցեին արվող սպառնալիքներին, իշխանություններն ակնհայտորեն նյարդայնանում են»։

«Առավոտ» թերթի վերլուծությամբ, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության երեկվա հայտարարության մեջ նշված նպատակները (ապօրինի վարչախմբի հեռացում, սահմանադրական կարգի հաստատում եւ օրինական իշխանության ձեւավորում) այսօր բացարձակապես անիրագործելի են. - «Պատճառները երկուսն են: Առաջին պատճառը սուբյեկտիվ է. Ռոբերտ Քոչարյանը երբեք հրաժարական չի տա: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ՝ պաշտոնանկ վիճակում Հայաստանում ապրելու եւ տանը նստած գիրք կարդալու ոչ հնարավորություն ունի, ոչ ցանկություն: Բայց էականը երկրորդ օբյեկտիվ պատճառն է», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Նա, ով վաղը կամ 4 տարուց ռեալ իշխանություն կունենա, կկեղծի ընտրությունների արդյունքները իր օգտին ճիշտ այնպես (գուցե ավելի վատ), ինչպես դա երկու անգամ արել է Քոչարյանը: Քանզի իրականում օրինական իշխանությունների հասարակական պահանջ Հայաստանում առայժմ չկա. հասարակական պահանջ կա լավ ապրելու: Հանուն որի Հայաստանի բնակչության 90 տոկոսը պատրաստ է ընտրությունների ժամանակ կաշառել եւ կաշառվել, ծեծել եւ ծեծվել»:

«Ընդդիմությունը յուրատեսակ աշխարհազոր է փորձում կազմել», - գրում է այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը: - «Իշխանության հանդեպ թշնամանքի այն ահռելի չափաբաժինը, որ սրախոսութոյւններով ժողովրդական բառուբանով սքողված ներարկվում է դժգոհ զանգվածին, ընդդիմադիրները հույս ունեն արտացոլված տեսնել իրենց գարնանային միջոցառմանը: Հայասարակության ինչ-որ զանգված, այնուամենայնիվ, այս ընթացքում ներշնչվել ու հավատացել է, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում Հայաստան աշխարհը անճանաչելիորեն փոխվելու է»: «Եթե ընդհանրապես խաղաղ ու հավասարակշիռ տրամադրված զանգվածի առկայությամբ սադրիչ կամ նույնիսկ անզգույշ ինչ-որ դրսեւորում կարող է շեղել միջոցառման հունը, ապա պատկերացնել կարելի է, թե թշնամանք ներարկված զանգվածի դեպքում ինչքան մեծ կարող է լինել այդ վտանգը», - շեշտադրված է «Հայաստանի Հանրապետություն»-ում:

«Հայոց աշխարհ» թերթը համադրել է, որ վերջին օրերին արմատական ընդդիմության ճամբարում արտակարգ եռուզեռ է տիրում. - «Կառավարող կոալիցիայի խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, տեւել է մեկ ժամից քիչ ավելի եւ քննության առարկա դարձրել գյուղատնտեսության հետ կապված ինչ-ինչ ծրագրեր: Կոալիցիան առաջիկայում էլ նիստ գումարելու անհրաժեշտություն չի տեսնում»: Այսպես նորից առաջ մղվում «ինչքանո՞վ է կոալիցիայի պահվածքը համարժեք քաղաքական դաշտում ստեղծված վիճակին» հարցը: «Հայոց աշխարհ»-ի մեկնաբաններից մեկը մատնանշում է. - «Ակնհայտ է դառնում նաեւ իշխանության գործադիր հատվածի ներկա քաղաքական ակտիվության հետ յուրահատուկ դիսոնանսի մեջ գտնվող կոալիցիային մաս կազմող կուսակցությունների պասիվ վերաբերմունքը առաջիկայում սպասվող լուրջ քաղաքական պայքարի հեռանկարների հանդեպ: Այս ամենի հետեւանքով ստացվում է, որ իշխանությունը ներկայումս շարունակում է գործել իբրեւ գործադիր ապարատ, բայց ո'չ որպես քաղաքական թիմ: Դրա հետեւանքով քաղաքական դաշտի «խոպան» մնացող հատվածը, այսինքն՝ կոալիցիային մաս կազմող ուժերի էլեկտորատը, դրվում է ընդդիմության վերահսկողության տակ անցնելու կամ էլ պասիվ դիտորդի դերում հայտնվելու քաղաքական պայքարի տեսանկյունից վտանգավոր երկընտրանքի առջեւ», - զգուշացնում է մեկնաբանը՝ եզրափակելով. - «Այն ձեռնոցը, որը ներկայումս իշխանության կողմն է նետում ընդդիմությունը, կարելի է վերցնել միայն ու միայն որպես միասնական քաղաքական թիմ: ոյություն ունի՞ արդյոք այն. պարզ կդառնա մոտ ապագայում»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, վերջին օրերի որոշ կադրային փոփոխություններ արվում են ներքաղաքական հնարավոր ցնցումները կանխելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար: «Նույն տրամաբանությամբ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի քաղաքաշինության նախարար Արա Արամյանը», - նշում է մեկնաբանը: - «Արամյանի պաշտոնանկությամբ նախագահը կփորձի հասարակության մեջ վերականգնել արդար թագավորի իմիտիացիան, որը չի կարող հանդուրժել «հաբռգած» սերունդ դաստիարակող պաշտոնյայի»: «Առաջիկա նշանակումների մեջ կա մեկը, որն արժանի է հատուկ ուշադրության», - առանձնացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ նկատի ունենալով Գորիսից պատգամավոր Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու տարբերակը. - «Մարտի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությունը, որը կատարել էին Սուրիկ Խաչատրյանի երկու եղբոր որդիները, դեռ լարվածության մեջ է պահում ողջ Գորիսը: Ու եթե լարված այդ մթնոլորոտում նման նշանակում է արվում, ուրեմն՝ դա խիստ հեռահար նպատակներ ունի»: «Հայկական ժամանակ»-ը ակնարկում է, որ ազատվող ընտրատարածքում պատգամավոր կարող է առաջադրվել Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու մտադրությամբ: «Այդ տարածքում ընտրությունները տեղի կունենան հունիսի երկրորդ կեսին: Իսկ մինչ այդ, արդեն ապրիլ-մայիսին պարզ կլինի, թե ներքաղաքական զարգացումներն ինչ հունով են գնում, որն էլ որոշիչ է լինելու Սերժ Սարգսյանի հետագա քայլերի համար», - պայմանավորում է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG