Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն է տվել մասնավոր բանկերում ավանդները երաշխավորող օրինագծին


Կառավարության այսօրվա նիստից հետո Հայաստանի Կենտոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին փոխանցեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել «Մասնավոր բանկերում ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման համակարգի մասին» օրենքի նախագիծը։

Օրինագիծը Ազգայի ժողովի կողմից հաստատվելուց հետո, ըստ Տիգրան Սարգսյանի, սկսած 2005 թվականի հուլիսից մասնավոր բանկերում դրված ավանդները այդ բանկերի սնանկացման կամ լուծարման դեպքում ենթակա կլինեն անհապաղ վերադարձման։

«Օրենքով երաշխավորվում են 2 միլիոն դրամի չափով դրամային ավանդները եւ 1 միլիոն դրամի չափով արտարժութային ավանդները», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը՝ պարզաբանելով. - «Այսինքն՝ մենք նախապատվությունը տալիս ենք ազգային դրամով խնայողություններին, եւ նպատակ ունենք խթանելու դրամային ավանդների ծավալի աճը բանկային համակարգում»:

Օրինագծի համաձայն, ավանդների երաշխավորը հանդիսանալու է այդ նպատակով ստեղծված հիմնադրամը, որի միջոցները գոյանալու են մասնավոր բանկերի ներգրաված ավանդներից կատարված մասհանումներից։

Այժմ մասնավոր բանկերը այդ հիմնադրամին են փոխանցում ներգրաված ավանդագումարի 0,5 տոկոսը։ Ըստ Տիգրան Սարգսյանի, ավանդների երաշխավորման հիմնադրամի համալրման խնդրում 3, 5 միլիոն եվրոյի օժանդակություն է խոստացել Գերմանիայի կառավարությունը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG