Մատչելիության հղումներ

logo-print

Միջազգային փորձագետները ապօրինի անտառահատումները Հայաստանում պայմանավորում են աղքատությամբ


Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքում բրիտանացի եւ շվեդ փորձագետները եզրակացրել են, որ Հայաստանի անտառներում իրավիճակը «շատ ծանր է», դրական չեն նաեւ արձանագրված միտումները:

Բրիտանացի անկախ փորձագետ Էնդրյու Միտչելի կարծիքով, մեր երկրում անօրինական անտառահատումների գլխավոր պատճառը աղքատությունն է: Միտչելի համար ամենաանսպասելին, սակայն, այն է, որ շատ հաճախ դժվար է հասկանալ օրինակա՞ն, թե՞ ապօրինի է տվյալ անտառահատումը:

«Դժվար է ասել՝ որն է օրինական, որը՝ անօրինական», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բրիտանացի փորձագետը: - «Ուղղակի պետք է հասկանալ, որ եթե բնակչության 73 տոկոսը օգտագործում է փայտը որպես վառելամիջոց, իսկ տարեկան կատարված անտառահատումների ծավալը հասնում է 70 հազար խորանարդ մետրի, ուրեմն վիճակը շատ բարդ է»:

«Իսկ եթե հաշվի առնենք, որ բնակչության մեծամասնությունը Հայաստանում չքավորության շեմից ցածր է գտնվում, պարզ է դառնում՝ անտառահատումները կատարվում են այլընտրանքի բացակայության պատճառով», - ավելացրեց Էնդրյու Միտչելը:

Աղքատությունը, այդուհանդերձ, ապօրինի անտառահատումներին մղող միակ պատճառը չէ: Եթե հաշվի առնենք, որ տարեկան Հայաստանում կտրված անտառների ընդհանուր ծավալը կարելի է տեղավորել (եվրոպացի փորձագետների հաշվարկներով) 16 հազար բեռնատար մեքենաներում, պարզ է դառնում, որ սա բավական լուրջ ինդուստրիա է: Փայտի խոշոր բիզնեսի մասին, սակայն, հրապարակված հետազոտության մեջ չի խոսվում: Միակ բանն էլ, որ եվրոպացիների ասվածին կարող են ավելացնել «Հայանտառ»-ի ներկայացուցիչները, այն է, որ վերջին տասը տարում վառելանյութի բիզնեսիով զբաղվողների «շնորհիվ» երկրի անտառները զգալիորեն պակասել են:

«Եթե մենք կարողանում ենք անտառը լավ պահել եւ դա բիզնես դարձնել, դա ամենալավ տարբերակն է», - ասաց «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նրա խոսքերով, բոլոր եվրոպական երկրներում անտառը բիզնես է, սակայն այնտեղ անտառը նաեւ պահպանվում ու վերականգնվում է, իսկ Հայաստանում դա «ավերիչ բիզնես է»:

Գլխավոր անտառապահի պաշտոնում ընդամենը մեկ ամիս առաջ նշանակված Պետրոսյանը ավելացրեց, որ այլ արդյունք ակնկալելը «առնվազն միամտություն է», քանի որ պետությունը ոչինչ չի անում անտառների պահպանության համար:

Նրա փոխանցմամբ, 1985 թվականին ամեն տարի 3,5-4 հազար հեկտար անտառ էր տնկվում, ինչին հատկացվում էր 4,5 միլիոն դոլարի կարգի գումար, ներկայումս, մինչդեռ, այդ հատկացումների ծավալը չի գերազանում 200-300 հազար դոլարը:

«Հայանտառ»-ի փոխտնօրեն Սամվել Սահակյանի տպավորությամբ, զեկույցը մի շարք կարեւոր հարցերի պատասխանը այդպես էլ չի գտել:

«Ապօրինի հատումը հետեւանք է», - ասաց նա: - «Նախ պետք է պարզաբանվեին ապօրինի հատումների հիմնական պատճառները: Հետեւանքները վերացնելը դեռեւս չի նշանակում պատճառները վերացնել»:

Եվրոպացի փորձագետների զեկույցը հայ հասարակության դատին կներկայացվի վաղը մեկնարկող սեմինարում:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG