Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. - «Արդյունքի կարող են հանգեցնել միայն մշտական եւ հետեւողական ջանքերը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակով կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում արդյունքի կարող են հանգեցնել միայն «մշտական եւ հետեւողական ջանքերը», ինչը, ըստ նրա, չի կարելի ապահովել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների միջոցով:

Նախագահների հանդիպումներն էլ, ըստ ռուսաստանցի դիվանագետի, ցանկալի հաճախականությամբ չեն անցկացվում:

«Բանակցակյին գործընթացում առաջխաղացման բացակայության պատճառը հենց նախագահների միջեւ երես առ երես հանդիպումների սակավությունն է: Դրա պատճառը երկու երկրներում տեղի ունեցած ընտրություններն էին եւ Հեյդար Ալեւի վատառողջությունը: Մենք փաստորեն կորցրեցինք ողջ 2003 թվականը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը ասաց Յուրի Մերզլյակովը՝ շարունակելով, թե միջազգային միջնորդներին միայն անցալ տարեվերջին հաջողվեց կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

«Արդեն շուրջ 4 ամիս է անցել, սակայն հիմա էլ պարզ չէ, թե երբ կկայանա նրանց հաջորդ հանդիպումը եւ ինչ կարելի է դրանից ակնկալել», - ասաց ռուսաստանցի դիվանագետը:

Մյուս կողմից, Մերզլյակովը մեծ ակնկալիքներ չունի երկու երկրների նախագահների հանդիպումներից:

«Նախագահները չեն կարող շատ հաճախ հանդիպել», - ասաց նա: - «Անհրաժեշտ է մշտական կապ եւ բանակցություններ ավելի ստորին մակարդակի խողովակներով, ինչն առ այսօր չկա եւ ինչի բացակայությունը ես կարգավորման գործընթացի տեղում դոփելու թիվ մեկ պատճառն եմ համարում»:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG